ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի իշխանի պաշարների վերականգմանն ուղղված գործընթացի արդյունքում 2024 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել 389 հազար 300 հատ Ամառային և Գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ: 2023 թվականին այդ թիվը 231 հազար է եղել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նշելով, որ կարևոր արդյունքներ ունեն Սևանի կողակի պաշարների վերականգնման ուղղությամբ:
«Վերջին տարիների աշխատանքների արդյունքում շուրջ 2000 առանձնյակ ենք կարողացել ունենալ, որը, ըստ էության, հնարավորություն կտա կողակի վերականգնման աշխատանքները նույնպես առաջ տանել և, իհարկե, կողակը վերադարձնել Սևանա լիճ»,- ասաց նախարարը:
Նախարարն, անդրադառնալով սիգի արդյունագործական որսին, նշեց, որ 2024 թվականի համար սիգի արդյունագործական որսի 679 տոննա չափաքանակ է սահմանված եղել, որսացել են 652 տոննա, վճարվել է շուրջ 44 մլն բնօգտագործման վճար, որը շուրջ 18 մլն դրամով ավելի է եղել 2023 թվականի ցուցանիշի համեմատ:
Նրա խոսքով՝ Սևանա լճից դուրս են բերվել ապօրինի 2699 խեցգետնորսիչ, 1376 ձկնորսական ցանց և 68 լողամիջոց: