Հայաստան

Փաշինյանը ԵՄ վիզաների տրամադրման գործընթացում առաջացած խնդիրները կապում է դեպի Եվրոպա ուղևորությունների աճի հետ

2 րոպեի ընթերցում

European Schengen visa stamp in the passport
European Schengen visa stamp in the passport

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 9-ի նիստում անդրադարձավ Հայաստանի քաղաքացիների՝ դեպի Եվրոպական միություն ուղևորությունների աճող հոսքին և վիզաների տրամադրման գործընթացում առաջացած խնդիրներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ վերջին տարիներին Հայաստան-Եվրամիություն ուղևորահոսքն աճել է մի քանի անգամ, ինչը ստեղծել է մեծ հերթեր Եվրամիության երկրների դեսպանատներում։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը կապված է ինչպես ավիացիոն ոլորտում իրականացված բարեփոխումների, այնպես էլ քաղաքացիների բարեկեցության մակարդակի աճի հետ։ 

«Եվրամիության գործընկերներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավել են քաղաքացիների դիմումները։ Այսինքն՝ իրենք կանխատեսում էին, որ մի ամսվա մեջ 300 մարդու համար վիզայի խնդիր պետք է լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար։ Եվ նրանք հընթացս նաև արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ աշխատանքով կարողություններն ավելացնում են, բայց, այնուամենայնիվ, պահանջարկը պատիկներով ավել է»,- ասաց  Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների սպառողական վարքագիծը փոխվել է, և դա կապված է ոչ միայն ավիացիոն բարեփոխումների, այլև քաղաքացիների ֆինանսական հնարավորությունների հետ։ 

«Հայաստանում մի մեծ զանգված, որոնք Ամանորին նախընտրում էին Հայաստանում մնալ կամ այն անցկացնել Վրաստանում, նախընտրել են օդային տրանսպորտից օգտվել։ Մարդիկ կամ Եվրոպա են գնացել, կամ Մերձավոր Արևելք կամ այլ երկրներ։ Սա էլ մարդկանց բարեկեցության մակարդակի կամ առնվազն սպառողական մենթալիտետի փոփոխության արդյունք է, որը էլի բարեկեցության հետ է կապված»,- եզրափակեց Փաշինյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում