Տնտեսություն

Ձկնորսության արգելք և վերահսկողություն. մանրամասնում են պատասխանատուները

3 րոպեի ընթերցում

Ձկնորսության արգելք և վերահսկողություն. մանրամասնում են պատասխանատուները

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում 2024թ. նոյեմբերի 15-ից մինչև այս տարվա հունվարի 20-ն արգելված է ձկնորսությունը, սակայն արդեն գրանցվել են ապօրինի ձկնորսության կանխման դեպքեր:

Վերջին տարիներին լճի ձկնապաշարները զգալիորեն նվազել են՝ անօրինական ձկնորսության և բնական ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման պատճառով։ Ձկնորսության արգելքի շրջանում խիստ վերահսկողությունը պատասխանատու կառույցներին հնարավորություն է տալիս նվազեցնել բնությանը հասցվող վնասները և նպաստել ձկնատեսակների բազմացմանը:

Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության և շրջակա միջավայրի վարչության պետ Մարտին Պետրոսյանը նշում է, որ ձկնորսության արգելքն ուղղված է նախաձվադրային շրջանում վտառում գտնվող ձվադրվող ձուկը չորսալուն։ «Ուրիշ ոչ մի ժամանակահատվածում ձկնաորսը արգելված չէ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հավելեց Պետրոսյանը:

Արգելքը վերաբերում է հատկապես սիգ ձկնատեսակին, որը բազմացման շրջանում հատուկ պաշտպանության կարիք ունի։ Բացի ձկնորսության արգելքը, այլ քայլեր ևս ձեռնարկվում են ձկների շատացման համար։ «Ձկան թվաքանակի հետ կապված միայն գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ է բազմացվում ու բաց թողնվում Սևանա լիճ՝ մանրաձկան 8-10 գրամ քաշ ունենալուց հետո։ Սիգը արհեստական ճանապարհով դեռևս չի բազմացվում»,-նշեց մարզպետարանի աշխատակիցը և հավելեց՝ ձկների շատացման և զարգացման համար բազմացվող ձկնատեսակներից սեռահասուն դառնալուց հետո վերցվում է ձկան ձկնկիթը և բեղմնավորվում։

Ձկնորսության արգելքը վերահսկվում է 7 գերատեսչությունների կողմից՝ էկոպարեկային ծառայության, պարեկային ծառայության, մարզպետարանի աշխատակիցների, համայնքների ներկայացուցիչների, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի։

Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը տեղեկացրեց. «Թեեւ արդեն գրանցվել են ապօրինի ձկնորսության կանխման դեպքեր, ամբողջական արդյունքի մասին չենք կարող հիմա ասել, քանի որ ձկնորսության արգելքը դեռ չի ավարտվել, արդյունքների մասին կարող ենք ասել ավարտից հետո։ Համեմատելով նախորդ տարվա արդյունքների հետ՝ ներկայիս պատկերը գոհացնող է. առանձնապես արտառոց դեպքեր չեն արձանագրվել»:

Այս ընթացքում ուժեղացված ռեժիմով՝ 24/7, իրականացվում է ջրային պարեկություն, հերթապահություն ջրային տարածքներում և ափամերձ տարածքներում։ Այս ընթացքում անգամ 1 հատ սիգ բռնելը համարվում է իրավախախտում։

«Սիգի դեպքում 150 000 դրամը (մոտավորապես 30կգ) գերազանցող մասը որակվում է որպես քրեական պատասխանատվություն առաջացնող արարք, մինչեւ 150 հազարը՝ վարչական պատասխանատվություն»,- հավելեց Կարապետյանը:

Սևանա լճում ձկնորսության արգելքն ուղղված է ձկնապաշարների պահպանմանը և բազմացման խթանմանը։ Պատասխանատու մարմինները անում են հնարավորինը՝ լճի կենսաբազմազանության վերականգնման համար։

Վարդուհի Մազմանյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում