1 / 4
Քաղաքականություն

Փաշինյանը կրկնում է բանավիճելու հրավերը. երեք նախագահների արձագանքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախկին նախագահներին, որոնք մերժել են Ղարաբաղյան բանակցային գործընթացի թեմայով բանավիճելու առաջարկը, կոչ է արել ևս մեկ անգամ մտածել և օգտվել այդ հնարավորությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմայի մասին կրկին խոսել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում:

«Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետև բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախագահներին, կարևորագույն նշանակություն պետք է ունենար այն հարցում, որ ժողովուրդը վերջնական ու աներկբա եզրակացություն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում՝ ով է մեղավոր, ինչում է մեղավոր և ով՝ ինչում է մեղավոր: Սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն և հեռավար ու հեռակա բանավեճը եզրափակեն առերես բանավեճով: Ընդ որում՝ սա միայն անցյալի մասին խոսակցություն չէ, այլ՝ ապագայի ռազմավարությունները որոշելու, ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն»,-ասել է Փաշինյանը՝ անհրաժեշտություն համարելով վերջնական հետևություններ անելն ու հասկանալը, թե ինչ և ինչու է տեղի ունեցել:

Նրա խոսքով՝ խնդիրը միայն բանավեճի մեջ չէ, այլև՝ սեփական ժողովրդին սեփական պատմությունը մեկնաբանելու, այն հասկանալու հնարավորություն տալու կամ դրանից զրկելու մասին է:

«Ճիշտ է, նախկին նախագահներն ուղիղ կամ անուղղակի շտապեցին հրաժարվել բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետև եզրակացությունն ի վերջո տեղի է ունենալու»,-նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ ինքը չի կարող թույլ տալ, որ շուրջ 4 տարի շարունակվող խոսակցությունը կիսատ մնա:

Նա նշել է, որ առաջարկը չընդունելու դեպքում հետևությունները կմնան ժողովրդին, և ինքն օգնելու է այդ գործում:

Ավելի վաղ՝ Հայաստանի Հանրապետության նախկին երեք նախագահներն իրենց խոսնակների միջոցով մերժել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի թեմայով բանավեճ ունենալու վերաբերյալ:

Մասնավորապես, ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով նախևառաջ պետք է բանավիճի ինքն իր հետ:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ հայտարարել է, թե բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ: 

«2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է»,-ասված է նրա գրառման մեջ:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան մեկնաբանելով վարչապետի առաջարկը, խորհուրդ է տվել բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում