Քաղաքականություն

ԱՄՆ գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա. Վեդանտ Պատել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ գործող վարչակազմը մինչև իր պաշտոնավարման վերջին օրը կշարունակի աշխատել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վրա. Վեդանտ Պատել

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ Միացյալ Նահանգների գործող վարչակազմի և պետքարտուղարի համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել դրա վրա մինչև իր պաշտոնավարման վերջին օրը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին և այդ գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերին: 

Անդրադարձ կատարելով լրագրողի հարցին, թե ԱՄՆ-ն հիասթափվա՞ծ չէ արդյոք, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործում Վաշինգտոնի գործադրած ջանքերը դեռևս արդյունք չեն գրանցել՝ Վեդանտ Պատելն ընդգծել է, որ ԱՄՆ-ն փորձում է չկենտրոնանալ հիասթափությունների վրա և պարզապես փորձում է շարունակել այդ աշխատանքը:  

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շատ անգամ է նշել, որ ինչ-որ արդյունքի հասնելու համար աշխատանքային բարդ օրեր են սպասվում: 

«Այդ հարցը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ուղղություն մնալ այս վարչակազմի և պետքարտուղարի համար, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա մինչև մեր պաշտոնավարման վերջին օրը»,-շեշտել է Վեդանտ Պատելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում