Տնտեսություն

ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ ժամանակակից իրողությունների համատեքստում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցությանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով անդամ պետությունների տնտեսական աճի դինամիկայի մեջ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ 

«ԵԱՏՄ անդամ երկրների տարածքներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատությունը հիմնարար սկզբունք է։ Համագործակցության արդյունավետությունը գնահատելու առանցքային չափանիշներից մեկն, իհարկե, մնում է փոխադարձ առևտրի խոչընդոտների բացահայտումն ու վերացումը, որն ամրագրված է Հայաստանի նախագահության առաջնահերթություններում: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ջանքերը՝ վերլուծելու դինամիկան և բացահայտելու խոչընդոտների առաջացման և վերացման հիմնական միտումները»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ այս շարունակական աշխատանքը մնում է Հայաստանի ուշադրության կենտրոնում, և դրա վերջնական նպատակը Միության անդամ երկրներում բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծելն է։  

«Մենք կարևոր ենք համարում նաև էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզի արդյունավետ իրականացումը։ Սա ոչ միայն կհեշտացնի թվային առևտրի ընթացակարգն, այլև գործընթացի բոլոր մասնակիցների համար կստեղծի ավելի կանխատեսելի և կայուն միջավայր, որն իր հերթին կդառնա ԵԱՏՄ ներքին շուկայի կայուն գործունեությունն ապահովելու ևս մեկ գործիք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի նպատակներին և խնդիրներին հասնելու տեսանկյունից առանցքային տարր է եղել համագործակցության նախագծերին ֆինանսական աջակցության մեխանիզմի գործարկումը։ 

«Սա նշանակալի քայլ է մեր երկրներում արդյունաբերության մրցունակության բարձրացման ուղղությամբ և ճիշտ մոտեցման դեպքում կարող է նպաստել ոլորտում  համագործակցության ընդլայնմանը։ Մենք նպաստում ենք այս մեխանիզմի հնարավորությունների իրազեկմանը` նպատակ ունենալով խրախուսել Հայաստանի ձեռնարկությունների մասնակցությունը հեռանկարային համագործակցության նախագծերին»,-իր խոսքում շեշտել է Փաշինյանը: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում