Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում իշխանության փոխանցում է տեղի ունենում. հայազգի պատգամավոր

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ և սպասողական վիճակ. ինչպես տեղացիներն, այնպես էլ հայերը, հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով զինված ընդդիմության կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Սիրիայի հետագա ճակատագրին:

‹‹Վաղ առավոտյան ժամերից հաղթանակի տոնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախության վանկարկումներ››,- հայտնեց Մարիա Գաբրիելյանը՝ նկարագրելով ներկա իրավիճակը:

Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է:

‹‹Հայերն, ինչպես տեղացիները, հետևում են իրավիճակի զարգացումներին››,-ասաց Մարիա Գաբրիելյանը:

Պատասխանելով հարցին, թե տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է իշխանությունից՝ պատգամավորը նկատեց. ‹‹Այո, նրանք այլընտրանք չունեն. նախօրեին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ հեղափոխությունը››:

Այդուհանդերձ, պատգամավորը չկարողացավ տեղեկություններ հաղորդել Բաշար Ասադի և վերջինիս ընտանիքի գտնվելու վայրի և ճակատագրի մասին:

‹‹Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ, որպեսզի իշխանության հանձնում կատարի››,-նշեց հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ դեռևս այլ հստակություն չկա:

Պատգամավորի բնորոշմամբ՝ Սիրիայի այլ հատվածներում բնակվող հայերի շրջանում ևս տիրում է զուսպ ու սպասողական վիճակ:

Անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրադրությանը՝ Մարիա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այժմ իշխանության անցում է տեղի ունենում ժամանակավոր կառավարությանը:

‹‹Շարունակվում է իրականացվել իշխանության անցումը՝ լիարժեք գործադիր լիազորություններով անցումային կառավարությանը››,- եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։

Սիրիայի վարչապետը հայտարարել է Դամասկոսը գրաված զինյալների ղեկավարության հետ երկխոսության մասին: Al Arabiya հեռուստաալիքի հետ զրույցում Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հայտնել է, որ կապ  է հաստատվել զինյալների ռազմական գործողությունների դեպարտամենտի հետ և քննարկվել են պետական ​​կառույցների պահպանման կարևորությունը, ինչպես նաև ներկա փուլում կառավարման իրականացման հարցը: Նա նաև նշել է, որ Ասադի կառավարության մաս կազմող սիրիացի նախարարների մեծ մասը մնում է Դամասկոսում և կվերահսկի կառավարական հաստատությունների աշխատանքը։ Երկրի վարչապետը նաև հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել ժողովրդի կողմից ընտրված ցանկացած ղեկավարության հետ, ինչպես նաև իշխանությունը հանձնելու ընթացակարգերի շուրջ:

Ավելի վաղ, Սիրիայի զինված ընդդիմությունը հայտարարել էր, որ իր զինյալները գրավել են մայրաքաղաք Դամասկոսը, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադը փախել է երկրից: «Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամի» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին հայտարարել է, որ բոլոր կառավարական հաստատությունները կմնան վարչապետի ենթակայության տակ, քանի դեռ պաշտոնապես չեն հանձնվել:

Դավիթ Մամյան

Հայերեն Русский