Տնտեսություն

Որքանով են փոխկապակցված Հայաստանի գիտությունն ու տնտեսությունը. վերլուծում է տնտեսագետը

9 րոպեի ընթերցում

Որքանով են փոխկապակցված Հայաստանի գիտությունն ու տնտեսությունը. վերլուծում է տնտեսագետը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գիտություն-տնտեսություն փոխադարձ կապը դեռևս արդյունավետ իրացված համարել չի կարելի. գիտական ուսումնասիրությունների և մշակումների արդյունքները հաճախ չեն հասնում արտադրական ոլորտին, ինչը սահմանափակում է երկրի տնտեսական զարգացման հնարավորությունները։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում իրավիճակն այսպես գնահատեց տնտեսագետ, «Ամբերդ» կենտրոնի հետազոտող Տաթև Վարդանյանը: 

Բոլոր ժամանակներում նորարարությունները, գիտական ուսումնասիրություններն ու մշակումները եղել են հասարակության և տնտեսության զարգացման շարժիչ ուժը: Օրվա տեխնոլոգիական պահանջներին համընթաց շարժվելը նպաստել է երկրների և ժողովուրդների վերելքին: Ստորև կփորձենք հասկանալ, թե որքանով են փոխկապակցված Հայաստանի գիտությունն ու տնտեսությունը և ինչպես հասնել նրան, որ այդ երկու կարևորագույն ոլորտները, ներդաշնակ թիավարելով, զարգացնեն մեր երկիրը:   

Որքանո՞վ է գիտահեն Հայաստանի տնտեսությունը

Այդ հարցի պատասխանին նյութական բովանդակություն հաղորդելու համար Տաթև Վարդանյանը ներկայացրեց թվային որոշ տվյալներ, որոնք ՀՀ վիճակագրական կոմիտեն 2023 թվականից ներառում է իր ամփոփագրերում: Ըստ այդմ՝ նախորդ տարի Հայաստանում թողարկվել է 99 մլրդ 123.5 մլն դրամի տեխնոլոգիական արտադրանք, որի 19.9 տոկոսը (19 մլրդ 696.1 մլն դրամի) առնչվել է բարձր, իսկ 80.1 տոկոսը (79 մլրդ 427.4 մլն դրամի)՝ միջին մակարդակի տեխնոլոգիական տնտեսական գործունեության տեսակներին: 

Ընդ որում, բարձր տեխնոլոգիական մակարդակի տնտեսական գործունեության տեսակների ցուցա­նիշների վերլուծությունից հետևում է, որ քիմիական նյութերը և քիմիական արտադրա­տեսակները կազմել են ընդհանուր արտադրածի 23.2 տոկոսը (23 մլրդ 001.9 մլն դրամի), էլեկտրական սարքավորումները՝ 21.2 տոկոսը (20 մլրդ 971.7 մլն դրամի), մեքենաները և սարքավորումները՝ 18.6 տոկոսը (18 մլրդ 425.8 մլն դրամի) և այլն։ 

Ներկայացված ցուցանիշներից հետևում է, որ ընդհանուր ծավալում գերակշռում են մի­ջին տեխնոլոգիական կարգի արտադրատեսակները: Մինչդեռ, տնտեսության թվայնացման մակարդակը բարձրաց­նելու համար, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է ապահովել բարձր տեխնոլոգիական ոլորտների կայուն զարգացում, ինչը կնպաստի տնտեսության մրցունակության աճին և բարձր ավելացված արժեքի ստեղծմանը:  

Տաթև Վարդանյանի ներկայացմամբ՝ գիտելիքահեն տնտեսական գործունեության տեսակների 43.3 տոկոսը (808 մլրդ 330.9 մլն դրամի) բաժին է ընկել ֆինանսական ծառա­յություններին, որի 89.2 տոկոսն էլ (721 մլրդ 797.6 մլն դրամի) իր հերթին ձևավորվել է ֆինանսական միջնորդությունից: 

Հաջորդը բարձր տեխնոլոգիական գիտելիքահեն ծառայություններն են (33.6% կամ 627 մլրդ 897 մլն դրամի), որոնցում ամենամեծ տեսա­կարար կշիռն ունեն գործունեության հետևյալ տեսակները՝ ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվու­թյուն և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագա­վառում (66.9% կամ 420 մլրդ 134.7 մլն դրամի), հեռահաղորդակցություն (23.6% կամ 148 մլրդ 300 մլն դրամի)։ 

Գիտե­լի­քահեն այլ ծառայությունները կազմել են 13.1 տոկոսը՝ 243 մլրդ 669.8 մլն դրամ ծավալով։ Դրանցում գերակշռել են առողջապահության (56.7% կամ 138 մլրդ 062.4 մլն դրամի) և կրթության (31% կամ 75 մլրդ 443 մլն դրամի) ծառա­յությունները:

Ընդհանուր ծավալում ամե­նափոքր տեսակարար կշիռն ունեցել են գիտելիքահեն շուկայական ծառայությունները (առանց բարձր տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների ներառման)՝ 10% կամ 186 մլրդ 791.5 մլն դրամի։

Այսպիսով, տնտեսագետի կարծիքով, Հայաստանի գիտելիքահեն տնտեսական գործունեության ծառա­յու­թյուն­­ներում առկա է խիստ կենտրոնացվածություն ֆինանսական և բարձր տեխ­նոլո­գիա­կան ոլորտներում: Ավելի հավասարակշռված և թիրախային գիտելի­քահեն տնտեսության զար­գաց­ման համա­տեքստում առանցքային է դառնում ռազմավարական ներդրումների առկայու­թյունն ու հասցեական քաղաքականության մշակումն ու իրականացումը։ Ընդ որում, նման տնտեսության կառուցման համար պահանջվում է տարբերակված (դիվերսիֆիկացված) մոդելի առկայություն, ինչը հնարա­վորություն կտա խթանել թվային տեխնոլոգիաների բազմատեսակ արտադրու­թյունն ու նպաստել երկրի տնտեսության և պետական կառավարման համակարգի թվայնացման գործընթացների կատարելագործմանը։

Որքանո՞վ է Հայաստանի գիտակրթական համակարգը համապատասխանում տնտեսության ժամանակակից պահանջներին

Փորձագետը նշում է, որ գիտության ոլորտում նախորդ տարիների պատկերի ուսումնասիրությունը հիմք է տալիս ենթադրելու՝ առկա է խորը ճգնաժամ, որի հետևանքներն ապագայում առավել տեսանելի ու շոշափելի են դառնալու։ Դա հստակ արտացոլվում է նաև Հայաստանի ՀՆԱ-ում, որում գիտատեխնիկական աշխատանքների ծավալը 2022 թվականին կազմել է ընդամենը 0.2 տոկոս, իսկ հետազոտությունների և մշակումների վրա կատարված համախառն ծախսերը 0.21 տոկոս են:

Տաթև Վարդանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գիտության զարգացմանը խոչընդոտող առանցքային խնդիրը շարունակում է մնալ թերֆինանսավորումը, ինչը հանգեցնում է երիտասարդ մասնագետների արտահոսքին ու ոլորտի «ծերացմանը»։

«Զարգացած երկրներում, որպես կանոն, մասնավոր հատվածն է ֆինանսավորում գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացումը: Սակայն Հայաստանում ներկայում իրատեսական չէ նման մոտեցում ակնկալելը: Գիտական համայնքի և մասնավոր հատվածի համագործակցության հնարավորությունները մեծ չեն։ Փոխգործակցության հարթակ ստեղծելու կարևոր առաքելությունը և գիտության պաշտպանության գործառույթը պետք է ստանձնի պետությունը, հակառակ պարագայում «ուղեղների արտահոսքը»  շարունակվելու է»,-նշեց Տաթև Վարդանյանը: 

Կադրերը որոշում են ամեն ինչ

Այնուհանդերձ, Հայաստանի գիտակրթական հաստատությունները կարողանո՞ւմ են սպասարկել երկրի տնտեսության պահանջները՝ պատրաստել ժամանակակից մոտեցումներին տիրապետող և համապատասխան որակավորում ունեցող կադրեր, մշակել տեխնոլոգիական նոր արտադրատեսակներ, առաջարկել արդիական լուծումներ և այլն:

«ՀՀ աշխատանքի շուկայում առկա է առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհավասարակշռություն, քանի որ աշխատողների որակավորման և կրթական աստիճանի վերաբերյալ գործատուների ակնկալիքները հաճախ չեն համապատասխանում ակադեմիական կրթություն ստացած մասնագետների հմտություններին ու կարողություններին։ Նման անհամապատասխանությունը վերացնելու կամ նվազագույնի հասցնելու համար կարևոր է գործատուների անմիջական ներգրավվածությունը գիտակրթական գործընթացներում: Օրինակ, բարձրագույն կրթական հաստատություններում ուսանողները ստանում են ակադեմիական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ է ամրապնդել գործնական հմտությունների և փորձառության միջոցով։ Հրաշալի կլինի, եթե գործատուներն այդ հարցում ընդառաջեն ուսանողներին և երիտասարդ մասնագետներին՝ նրանց դարձնելով ավելի մրցունակ և ճկուն»,- գտնում է Տաթև Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը բավականին լուրջ ներուժ ունի տեխնոլոգիական ոլորտի խթանման, ինչպես նաև արհեստական բանականության զարգացման հարցում։

Ինչպե՞ս ամրապնդել գիտություն-տնտեսություն կապը

Տաթև Վարդանյանը համարում է, որ դրա համար անհրաժեշտ է մշակել գիտության առաջնահերթության և զարգացման հստակ օրակարգ։ Ըստ նրա՝ սրընթաց զարգացող աշխարհում հայրենի գիտության արդիականացումը խիստ հրատապ և կարևոր է դարձել: Իսկ պատկերը շահեկանորեն փոխելու միջոցներից է գիտական համայնքի և պետական ու մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության հարթակների ստեղծումը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում