ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ զինվորականները մասնակցում են ՌԴ Կուրսկի մարզում բախումներին
2 րոպեի ընթերցում
![ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ զինվորականները մասնակցում են ՌԴ Կուրսկի մարզում բախումներին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/13/coyYiJ5hZool0ZY5tAk1Snman24DARmOhc7NfQjc.webp)
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի զինծառայողներն սկսել են մասնակցել ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտական գործողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։
«Այսօր ես կարող եմ հաստատել, որ ԿԺԴՀ ավելի քան 10 000 զինվոր ուղարկվել է Ռուսաստանի արևելյան մաս, և նրանց մեծ մասը տեղափոխվել է արևմտյան Կուրսկի մարզ, որտեղ նրանք ռուսական ուժերի հետ միասին սկսել են մասնակցել մարտական գործողություններին», - ասել է Պատելը։
Նա նաև պնդել է, թե Ռուսաստանը «ԿԺԴՀ զինվորներին ուսուցանել է հրետանային գործ, անօդաչու թռչող սարքերի օգտագործում և հետևակի հիմնական հմտություններ, ներառյալ խրամատների մաքրում, որոնք կարևոր հմտություններ են առաջնագծի գործողությունների համար»:
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը նաև նշել է, որ հյուսիսկորեացի զինվորները որոշակի մարտահրավերների կբախվեն ռուսական ուժերի հետ ինտեգրվելու առումով, քանի որ պետք է հաղթահարեն փոխգործունակության, լեզվական արգելքի հետ կապված և այլ խնդիրներ։
Հոկտեմբերի 24-ին ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր հերքել ամերիկյան պնդումներն այն մասին, որ Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը հունիսին Փհենյանում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Ըստ համաձայնագրի 4-րդ հոդվածի՝ եթե կողմերից մեկը մեկ կամ մի քանի պետությունների կողմից զինված հարձակման պատճառով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմը նրան անհապաղ ռազմական օգնություն կցուցաբերի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով: