Տնտեսություն

Լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի գեղարքունի ենթատեսակի 300 հազար մանրաձուկ

3 րոպեի ընթերցում

Լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի գեղարքունի ենթատեսակի 300 հազար մանրաձուկ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում: Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարությունից, Սևանա լիճ է բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը` Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ: 

«Կենսաբազմազանության վերականգնումը՝ հատկապես Սևանա լճի էկոհամակարգային ամբողջության տեսանկյունից, Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է, և 2024 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել ընդհանուր հաշվով 387 300 ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ։ 

Մանրաձկան բացթողումից հետո նախարարը շրջայց է իրականացրել ձկնաբուծարանում, դիտարկել ավազաններում առկա ձկնապաշարի տեսակները, քննարկել դրանց մայրական կազմերի պահպանմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ նախարարը ծանոթացել է ձկնաբուծարանի բացօթյա տարածքում նորակառույց ավազաններում կողակ ձկնատեսակի մայրական կազմի բուծման համար ստեղծված պայմաններին և դրանց բազմացման հնարավորություններին: 

«Սա վերջին տարիների ամենասպասված ձեռքբերումն է, որին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվել և ներդրվել: Եվ, ի ուրախություն բոլորիս, կարող եմ ասել, որ դա հաջողվել է` կողակի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում արդեն ունենք շուրջ 2000 հատ Սևանի կողակ: Սևանի կողակի վերարտադրության և պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների շրջանակում ունենք նաև վերականգնված 4 բացօթյա ավազաններ»,- նշել է նախարարը։

Նշվում է, որ շրջայցից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում- քննարկում է ունեցել գործարանի աշխատակազմի հետ: Ներկայացվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» խորագրով զեկույց, որի ընթացքում զեկուցվել է իրականացված աշխատանքների և գույքագրված խնդիրների մասին: Կայուն ծնողական կազմի պահպանման և համալրման շարունակական գործընթացի շնորհիվ այժմ առկա է շուրջ 105 000 հատ, 36 800 կգ ընդհանուր զանգվածով Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակի ծնողական կազմ: 

Գործընկերներին ուղղված իր խոսքում նախարարը շնորհավորել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը` #COP17-ն Հայաստանում հյուրընկալելու առթիվ և նշել, որ հատկապես գործարանից կենսաբազմազանության վերականգնման աշխատանքների ուղղությամբ սպասումները շատ մեծ են, և պետք է շարունակել ջանքեր գործադրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում