Մարզեր

Գյումրին շարունակում է մնալ առանց քաղաքապետի. ավագանու նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

2 րոպեի ընթերցում

Գյումրին շարունակում է մնալ առանց քաղաքապետի. ավագանու նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի ավագանիում 11 մանդատ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8-ին  արտահերթ նիստ էր հրավիրել` գործող ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու արտահերթ նիստի նախատեսված ժամին Գյումրու համայնքապետարանի դահլիճում ներկա էր ՔՊ խմբակցության 11 ավագանու անդամից 9-ը։ Նիստը վարում էր Արթուր Պապիկյանը, ով ներկաներին առաջարկեց 30 րոպե սպասել, քանի որ քվորում առկա չէր։ Ընդմիջման ընթացքում ՔՊ խմբակցության բացակա երկու անդամները միացան գործընկերներին։ Սա, սակայն, իրավիճակը չփոխեց։ Նվազագույնը ավագանու 17 անդամի մասնակցության դեպքում միայն հնարավոր էր քվորում ապահովել։

Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ առաջիկա ավագանու նիստում խմբակցությունը չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին: Ըստ նրա՝ քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել, Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ն իր բացակայությամբ տապալել էր Գյումրիի ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետև վերադարձել աշխատանքի և հրաժարական ներկայացրել: 

Հոկտեմբերի 28-ին «Բալասանյան» դաշինքի բոլոր՝ 14 անդամներն իրենց մանդատները վայր են դրել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում