ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության ստեղծումից ի վեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալն անդամ երկրներում, ընդհանուր առմամբ, մեծացել է 25,9%-ով։ Միությունը ավելի քան 90%-ով ապահովում է իր ներքին պահանջարկը, և ակտիվ աշխատանք է տարվում այս ուղղությամբ արդյունավետության բարձրացման համար։
Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ հավելելով, որ, չնայած համաշխարհային տնտեսության բարդ պայմաններին, անդամ երկրների ագրոպարենային հատվածը զարգանում է հաջողությամբ։
«Կցանկանայի նշել, որ սա մեր գործունեության ամենակարևոր ուղղություններից մեկն է, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները բազմիցս դրան ուշադրություն են դարձրել։
Մասնավորապես՝ ցուցանիշների աճ ենք արձանագրել հացահատիկային և յուղատու մշակաբույսերի, շաքարի ճակնդեղի, մրգերի ու հատապտուղների արտադրության ծավալների ուղղությամբ։ Դրական դինամիկա է նկատվում նաև անասնապահության ոլորտում։ Օրերս փորձագետների հետ քննարկել ենք անասնապահության ոլորտում ինտեգրացիայի խորացման հնարավորությունները, քանի որ տարբեր երկրներում ոլորտի զարգացման մակարդակը տարբեր է, ուստի այստեղ անելիքներ դեռ շատ ունենք։ Մեր կողմից ընդունված են բոլոր նորմատիվ իրավական ակտերը, սակայն անհրաժեշտ է միասնականացնել որոշ մոտեցումներ»,- նշել է նախարարը և ավելացրել, որ հաջորդ տարի կշարունակվի ինտեգրացիոն օրակարգի իրականացումը՝ համաձայնեցված ագրոպարենային քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում՝ նախատեսված մինչեւ 2030թ., այնուհետեւ նաեւ մինչև 2045թ. ընկած ժամանակահատվածի համար՝ տնտեսության զարգացման «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման մեխանիզմների ձևավորմամբ։
Բարսեղյանի խոսքով՝ Միության անդամ երկրների միջև տարբերություններն, իհարկե, ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք պայմանավորված են արտադրական, տնտեսական գործոններով և, իհարկե, սպառողական մշակույթով։ Հատկապես, իրենց ինքնաբավությամբ ամենաբարձր ցուցանիշներն արձանագրել են Բելառուսի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունը։
«Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ մեր երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձնում պարենային անվտանգության խնդիրներին, և այս ուղղությամբ շատ անելիքներ ունենք։ Վերջերս Երևանում վարչապետների մակարդակով կայացած գագաթնաժողովում հաստատել ենք հիմնական ապրանքների կանխատեսվող հաշվեկշիռները, ինչը դրական և օգտակար ազդակներ է տալիս բիզնեսին և շուկայի կայունությանը»,- ասել է Գ. Բարսեղյանը՝ միաժամանակ նշելով, որ հայտարարված խնդիրների լուծումը կնպաստի անդամ պետությունների պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև մրցունակ արտադրանքի արտադրության և իրացման արդյունավետության բարձրացմանը: Դա էլ իր հերթին, թույլ կտա «հնգյակի» երկրներին միասնական ու բալանսավորված արձագանքել արտաքին մարտահրավերներին և նվազեցնել արտադրանքի պակասորդի ռիսկերը: