ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շրջակա միջավայրի նախարարությունը երկու նոր սարք է ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան օնլայն ռեժիմով ստանալ տվյալներ օդի աղտոտվածության մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Այս սարքավորումները մեզ թույլ կտան ոչ միայն օնլայն ռեժիմով հետևել օդի աղտոտվածության մակարդակին, այլև ճշգրիտ տվյալների հիման վրա վեր հանել թե՛ օրենսդրական, թե՛ կառավարման ոլորտի խնդիրները և գտնել լուծումներ»,- նշեց Սիմիդյանը։
Նախարարն ընդգծեց, որ Երևանի օդի աղտոտվածությունը նախարարությանը անհանգստացնում է, և նոր սարքավորումները հնարավորություն կտան ավելի արդյունավետ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը բարելավելու ուղղությամբ։