«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակցել է 2000-ից ավելի մարդ, այդ թվում՝ օտարերկրացիներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարաքար-Էջմիածին մայրուղում 4-րդ անգամ կայացավ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը որին այս տարի մասնակցեց 2000-ից ավելի մասնակից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցաշարն անցկացվեց 3 տարիքային խմբերով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով:

1-ին տարիքային խմբում ընդգրկված էին 2007-2011 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ տարիքային խմբում՝ 18-40 տարեկան կանայք և տղամարդիկ (2006-1984 թթ.), 3-րդ տարիքային խմբում 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ էին(1983 թ. ծնված և բարձր):

Դպրոցականների պայքարում տղաների լավագույն եռյակում են Գառնիկ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Նարեկ Իսավերդյանը, աղջիկների՝  Ռոզա Սիմոնյանը, Մարգարիտա Կարապետյանը, Անահիտ Մարգարյանը: 

Կանանց և տղամարդկանց պայքարում մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Սպարտակ Ոսկանյանը, Դմիտրի Կորոլևը, Միքայել Միքայելյանը. Աննա Բորիսենկոն, Կատյա Գալստյանը, Սառա Ստայցը:  

41 և բարձր տարիքային խմբում տղամարդկանց պայքարում առաջին երեք տեղերում են Գևորգ Թորոսյանը, Համազասպ Մամիկոնյանը,Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ կանանց մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրեցին Լիանա Հարությունյանը, Քրիստինե Միկոյանը, Հասմիկ Հարությունյանը:

Առանձին գործող աթլետների պայքարում կանանց մեջ լավագույններն էին Էլլադա Ալավերդյանը, Լիլիթ Հարությունյանը և Մարի Սարգսյանը, տղամարդկանցից` Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Վանյա Սարգսյանը:

ՀՀ վարչապետի կողմից հատուկ մրցանակների արժանացան ամենատարեց մասնակիցները`Սիրվարդ Բաղյանը և Աշոտ Դալագյոզյանը:

Երեք տարիքային խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում 1-10-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները նաև դրամական մրցանակներ ստացան.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ

5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ:

Պարգևատրման արարողությանը մասնակցեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,  Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և այլոք:

Նիկոլ Փաշինյանը հատուկ շնորհավորանքով դիմեց Շիրակի մարզի մասնակիցներին, քանի որ հաղթողների շարքերում ամենաշատը հենց Շիրակի մարզի ներկայացուցիչներն էին:

«Մենք ուզում ենք, որ ֆիզկուլտուրան և սպորտը դառնա մեր առօրյայի մի մասը: Մասնակիցները նախորդ ամբողջ տարվա ընթացքում ակտիվ կյանքով են ապրել, և նրանցից ոչ բոլորն են մարզիկներ: Ուզում ենք, որ մեր մարզիկներն առավել ակտիվ լինեն, բայց և ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն ապրեն ակտիվ կյանքով: Սա մի յուրատեսակ ստուգատես է նաև դպրոցահասակների ու նրանց ուսուցիչների համար»,-ասաց վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը գոհ է, որ վազքի մրցաշարին առավել շատ մասնակցում են  դպրոցականները:  

«Բոլոր «Վարչապետի գավաթ»-ները միասին վերցրած՝ մոտ 40 տոկոս աճ են ունեցել նախորդ տարիների հետ համեմատ: Այս տարի մրցաշարերին մասնակցել է մոտ 9000 մասնակից: Այս մրցաշարերը ծառայում են իրենց նպատակին: «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կարող ենք արդեն միջազգային համարել, քանի որ ունենք նաև այլ երկրների մասնակիցներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Խճուղավազքի սիրողական մրցաշարը  «Վարչապետի գավաթ»-ների շարքում ընթացիկ տարվա վերջին մրցաշարն էր:

Հայերեն Français Русский