ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Նախքան ընթացիկ աշխատանքների քննարկումը նախարարը շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։ Նախարարին այցի ընթացքում ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ շեշտել է կառույցի առանցքային դերը ոլորտի համար․
««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր գործառույթով մեր նախարարության ամենակարևոր գործիքն է, որը հավասարակշռություն է ապահովում մարդու գործունեության հետևանքների և շրջակա միջավայրի պահպանության միջև։ Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսության զարգացման այս տեմպերին զուգահեռ ավելանալու է ՊՈԱԿ-ի ծանրաբեռնվածությունը, բայց նաև էլ ավելի է մեծանալու կարևորությունը»,- նշել է նախարարը։
Զեկույցներով հանդես են եկել ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանը և տնօրենի տեղակալ Հերիքնազ Մկրտչյանը։
Ըստ աղբյուրի՝ 2024 թվականի ընթացքում կազմակերպության մասնագետների կողմից ուսումնասիրվել և համապատասխան ընթացք է տրվել ավելի քան 295 նախատեսվող գործունեությունների և հիմնադրույթային փաստաթղթերի նախագծերին, 2024 թվականի ընթացքում 1 մասնագետի համար միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 19 նախագիծ, 2023թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ եզրակացություն ստացած գործերի քանակը 2024թ. ավելացել է գրեթե 20%-ով՝ 175 գործի համեմատ նույն ժամանակահատվածում տրամադրվել է 215 փորձաքննական եզրակացություն:
«Փորձաքննական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար իրականացվել են հետևյալ աշխատանքները՝
· ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար 2023 թվականին Կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է մոտ 250 մլն ՀՀ դրամ, նախկին 69 մլն դրամի փոխարեն,
· ավելացվել են նոր աշխատատեղեր՝ համալրվելով մասնագիտական կրթություն և աշխատանքային փորձ ունեցող անձանցով՝ նախկին 18 հաստիքների քանակը դարձել է 25,
· կատարվել է աշխատավարձերի կրկնակի բարձրացում,
· ներդրվել է աշխատակիցների բժշկական ապահովագրություն,
· բարելավվել են աշխատանքային պայմանները, ՊՈԱԿ-ը համալրվել է նոր գրասենյակային գույքով և տեխնիկական միջոցներով,
· մասնագետների ներկայությունը հանրային լսումներին և տեղազննման աշխատանքներին ապահովելու համար կատարվել է ավտոմեքենաների սպասարկման ծախսերի ավելացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախարարը գործընկերների հետ քննարկել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքը և հանրային լսումների կազմակերպումը․
«Պետք է ընդլայնել հանրային լսումների վերաբերյալ հանրությանը իրազեկելու խողովակները, քանի որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը չափազանց կարևոր է երկու տեսանկյունից։ Առաջինը՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու բնապահպանական խնդիրների լուծմանը և իրենց ազդեցությունն ունենան որոշումների կայացման վրա, և երկրորդ՝ լսումները կօգնեն շտկել մեր աշխատանքում առկա բացերը»,- նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև աշխատակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանը և ՊՈԱԿ-ի հնարավորությունների մշտական լավարկմանը։