ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Երևան քաղաքի համաճարակաբանական և բնապահպանական բնութագիրը: Հարյուրամյա պատմական էքսկուրս» խորագրով համաժողովը, որի նպատակն էր իրազեկել Երևան քաղաքի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության համաճարակաբանության մասին: Միջոցառումը նվիրված էր «Էրեբունի-Երևան» 2806-ամյակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊԲՀ Հերացի վերլուծական կենտրոնի ղեկավար, համաճարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մերի Տեր-Ստեփանյանն իր ելույթում հանգամանորեն ներկայացրեց առավել հայտնի ու տարածված համաճարակների պատմությունը, խոսեց դրանց դեմ պայքարում առաջադեմ բժշկության ձեռքբերումների մասին, անդրադարձավ նաև մերօրյա իրողություններին ու մարտահրավերներին, որոնց առջև կանգնել է Երևանի համաճարակաբանական ծառայությունը։
«20-րդ դարը հայտնի է համաճարակների բռնկմամբ և տարածմամբ, որից մարդկությունը զգալիորեն տուժել է։ Դարասկզբին, օրինակ, քութեշն ունեցել է 30 տոկոսից ավելի մահաբերություն, մինչդեռ մեր օրերում այդ համավարակը համարվում է թեթև և հակաբիոտիկներով հեշտ բուժման ենթարկվող հիվանդություն։ Դիֆտերիան նույն ժամանակահատվածում նույնպես եղել է բավականին ծանր համավարակ՝ ունենալով մոտ 20 տոկոսի հասնող մահաբերություն, բայց հետագա տարիներին դրա դեմ ևս գտնվել են արդյունավետ բուժման միջոցներ։ Նախորդ դարի առաջին տասնամյակներին հատկապես զինվորականների շրջանում առավել տարածված է եղել նաև թոքաբորբը, որի պատճառով մահացել է սպաների 2,5 տոկոսը, իսկ շարքային զինծառայողների դեպքում ՝ մոտ 6 տոկոսը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մասնագետ բժիշկների պակասը նպաստել է հիվանդության տարածմանը՝ արձանագրելով բարձր մահաբերություն։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում մոլեգնել է նաև խոլերան։ Էջմիածնում նույնիսկ պարիսպ կառուցելով՝ փորձել էն մեկուսացնել հիվանդներին։ Հիվանդությունն առավելապես տարածված է եղել գաղթականների շրջանում»,- ասաց Տեր-Ստեփանյանը։
Նրա ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ բուժօգնության հասանելիության առումով, 2015 թվականի տվյալներով, ՀՀ-ում 238 քաղաքացուն բաժին էր հասնում մեկ բժիշկ, իսկ Երևանում մեկ բժիշկ բաժին էր հասնում 117 քաղաքացուն։ Սա ԱՀԿ-ի կողմից նույնպես դիտարկվել է որպես խիստ անցանկալի միտում, քանզի մեր մայրաքաղաքն ունի բուժօգնության ավելի լուրջ հասանելիության խնդիր, քան մարզերը։ Երևանում տակավին առկա են առողջապահության կազմակերպման հետ կապված պրոբլեմներ։ 53 երկրների համեմատության սանդղակում ՀՀ-ն բուժօգնության հասանելիության ցուցանիշով զբաղեցնում է 40-րդ, Վրաստանը 5-րդ, Ռուսաստանը 25-րդ, իսկ Ադրբեջանը 20-րդ տեղը։ Ստացվում է, որ մասնագետ բժիշկների թվով մեր հարևանները մեզանից ավելի առջևում են։
Անդրադառնալով կանխարգելիչ բժշկության զարգացմանը՝ Տեր-Ստեփանյանն ընդգծեց, որ առաջին հիգիենիկ հակահամաճարակային կազմակերպությունները Հայաստանում ստեղծվել են դեռ 1920-ական թվականներին, որոնք հետագա տասնամյակներում բավականին լուրջ աշխատանքներ են իրականացրել վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով։ 1923 թվականին Երևանում տրոպիկական ինստիտուտի հիմնադրումը նույնպես զգալի առաջընթաց էր համաճարակների դեմ պայքարի համատեքստում։ Չորս տարի անց մայրաքաղաքում բացվել է նաև առաջին սանիտարահիգիենիկ լաբորատորիան։
Տեր-Ստեփանյանը տեղեկացրեց, որ տասնամյակներ շարունակ պետական բժշկական ինստիտուտում գործել է սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, որը փակվել է 2002 թվականին, ինչն էլ հանգեցրել է կանխարգելիչ ոլորտի բժիշկների դեֆիցիտի։ Պրոֆեսորն ափսոսանքով հայտնեց, որ մեր օրերում այդ ոլորտը թեև պետք է համալրեն բուժական գործի մեջ մասնագիտացած կադրերը, սակայն նրանք ոչ միշտ են համապատասխան տեղ գտնում համակարգում։
«Հայաստանի համար տևական ժամանակ ամենաակտուալ վարակներից մեկը մալարիան էր, թեև դրա վերացման ուղղությամբ բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվել 1963-94 թվականներին։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մալարիան կրկին գլուխ բարձրացրեց ու դարձավ անվերահսկելի հատկապես ղարաբաղյան պատերազմի տարիներին, սակայն 2006-24 թվականներին բարեբախտաբար մալարիայի տեղական դեպքեր չեն գրանցվել։ Փաստորեն Հայաստանը լինելով էնդեմիկ գոտի՝ այսօր ազատ է մալարիայից։ Եթե խոսենք բնական ծաղկի մասին, ապա պետք է նշել, որ մանկահասակ երեխաների շրջանում հիվանդության դեմ պատվաստումները Խորհրդային Միությունում մեկնարկել են դեռ 1924 թվականից, իսկ 1958 թվականին ԽՍՀՄ-ն առաջարկել է բնական ծաղիկի վերացման համաշխարհային ծրագիր՝ ներդնելով բավականի մեծ քանակի պատվաստանյութ։ Այս հիվանդությունն, ի դեպ, առաջինն է, որը բուժվեց պատվաստումների ճանապարհով»,- մանրամասնեց համաճարակաբանը։
Խոսելով ժանտախտի մասին՝ բանախոսը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանն ունի ժանտախտի բնական օջախներ, սակայն վերջին դեպքը մարդկանց շրջանում արձանագրվել է 1968 թվականին։ Այսօր էլ ամբողջ աշխարհում գրանցվում են ժանտախտի տարեկան 1000-3000 դեպքեր։ Հայաստանում ցուցանիշների նվազումը այն լուրջ աշխատանքի հետևանքն է, որը լռելյայն իրականացրել և իրականացնում են կանխարգելիչ ոլորտի մասնագետները։ Այդուհանդերձ կանխարգելիչ ոլորտն, ըստ համաճարակաբանի, պահանջում է ավելի մեծ ուշադրություն, քան հատկացնում ենք այսօր։
«Կապույտ հազի դեմ առաջին պատվաստումները Հայաստանում իրականացվել են դեռևս 1957 թվականին մինչև մեկ և հինգ տարեկան երեխաների շրջանում։ Դրան հաջորդել են պոլիոմելիտի դեմ պատվաստումները երեխաների ու մեծահասակների շրջանում։ Պատվաստումների շնորհիվ ՀՀ-ն 2002 թվականին ԱՀԿ-ի կողմից ստացավ հավաստագիր՝ որպես պոլիոմելիտից ազատ գոտի։ Հաջորդ ձեռքբերումը գրանցվել է դիֆթերիայի և փայտացման դեմ պայքարում՝ անատոքսինների ներդրումով։ 1995-96 թվականներից նման հիվանդությունների տեղական դեպքեր չեն գրանցվել։ Այդուհանդերձ մենք ունենք բավականին ցածր ընդգրկվածություն մեծահասակ բնակչության շրջանում։ Այսօր դիֆթերիան ակտիվորեն շրջանառվում է եվրոպական տարածաշրջանում և եթե լինի բերովի դեպք, ապա վարակը ներսում կարող է տարածվել։ 1968-73 թվականներին իրականացվել են կարմրուկի դեմ զանգվածային պատվաստումներ՝ մոնովալենտ պատվաստանյութով։ 2007 թվականին Հայաստանում ևս մեկ անգամ իրականացվեց զանգվածային պատվաստում՝ կարմրուկ-կարմրախտ պատվաստանյութով, որի արդյունքում գրեթե 17 տարի չունեինք կարմրուկի տեղական դեպք։ 2023 թվականին, ցավոք, ամբողջ աշխարհին համահունչ՝ Հայաստանում նույնպես գրանցվեց կարմրուկի բռնկում։ Այդուհանդերձ մեզ մոտ 500 դեպքը չարժե որակել որպես համաճարակ՝ հաշվի առնելով կարմրուկի բարձր վարակելիությունը։ Եթե ունենայինք ավելի ցածր պատվաստումային ընդգրկվածություն, ապա միանշանակ դեպքերի քանակը կլիներ ավելի շատ»,- նշեց Տեր-Ստեփանյանը։
Իսկ խոզուկի առումով, որի դեմ պատվաստումները մեկնարկել են 1980-ական թվականներից, պրոֆեսորն ասաց, որ այս պահին հիվանդացության բարձր մակարդակ չկա, և շեշտեց համապատասխան պատվաստանյութի կարևորությունը Հայաստանի իմունիզացիայի ծրագրում։ 1999 թվականի վերջից ներդրվել է նաև պատվաստանյութ «Հեպատիտ B»-ի դեմ։ Այսօր պատվաստման արդյունքում մինչև 18-տարեկանների շրջանում սուր «Հեպատիտ B»-ի դեպքեր չեն գրանցվել։
«Տարբեր համաճարակային հիվանդությունների բուժման առումով կան ձեռքբերումներ, որոնք շոշափելի են, և եթե դիտարկենք վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կառուցվածքը դարասկզբին և այժմ, ապա միանշանակ կարող ենք նշել, որ վարակիչ հիվանդությունները Հայաստանում և կոնկրետ Երևանում մեծ մասամբ կառավարելի են։ Ներկայումս ավելի լուրջ խնդիր ունենք ոչ վարակիչ հիվանդությունների առումով՝ սիրտանոթային, ուռուցքային, շնչուղիների և այլն։ Թեև շեշտադրում ենք արել այն վարակների վրա, որոնք հանրային առողջության ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում, այդուհանդերձ անդրադարձել ենք նաև ՄԻԱՎ-ի ցուցանիշներին։ Եվ այսպես՝ այդ հիվանդության դեպքերը վերջին տարիներին անցել են 5000-ի սահմանը, և 2023-24 թվականների կտրվածքով արդեն ունենք ՄԻԱՎ-ի դեպքերի բավականին լուրջ աճ։ Դա բացատրվում է միգրացիայով և «Քովիդ-19»-ի ժամանակ թերհայտնաբերմամբ, բայց պայքարի առումով անհրաժեշտ է լինել ավելի զգոն։ 2016 թվականին ՄԱԿ-ը ԱՀԿ-ի միջնորդությամբ ՀՀ-ին տվել է հավաստագիր՝ որպես մորից պտղին ՄԻԱՎ վարակ չգրանցած երկիր, այսինքն՝ Հայաստանում դադարեցվել է այդ հիվանդության ուղղահայաց տարածումը։ Այդուհանդերձ իրավիճակը պահպանելու նպատակով ունենք լուրջ անելիքներ»,- պարզաբանեց Տեր-Ստեփանյանը։
Նրա հավաստմամբ՝ վարակիչ հիվանդությունների մասնաբաժինը հիվանդացության ընդհանուր կառուցվածքում բավականին լուրջ անկում էր արձանագրել մինչև 2015 թվականը, բայց 2020 թվականն իր կորոնավիրուսային համավարակով շեղեց ձեռքբերումները, ինչի հետևանքով արձանագրվեցին կտրուկ փոփոխություններ, իսկ որոշ ժամանակ անց դարձյալ գրանցվեցին նվազման միտումներ։ Համաճարակաբանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առավել վտանգավոր և գլոբալ մահաբերությամբ համաճարակները գրանցվել են յուրաքանչյուր հարյուր տարին մեկ, 1720 թվականին՝ ժանտախտը, 1820 թվականին՝ խոլերան, 1920 թվականին՝ իսպանկան, 2020 թվականին՝ «Քովիդ 19»-ը։ Տեր-Ստեփանյանը հույս հայտնեց, որ առաջադեմ բժշկությանը կհաջողվի հասնել այնպիսի նվաճումների ու ձեռքբերումների, որպեսզի ապագայում մարդկությունը խուսափի գլոբալ համաճարակներից։
Մանվել Մարգարյան