Աշխարհ

Կուբան ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել

2 րոպեի ընթերցում

Կուբան ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կուբայի կառավարությունը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ որպես գործընկեր պետություն միանալու ԲՐԻԿՍ-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հանրապետության Արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Կառլոս Պերեյրան։ Հարցումը նամակով ուղարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ 2024 թվականին ԲՐԻԿՍ-ում նախագահող երկիրը Ռուսաստանն է։

«Կուբան ԲՐԻԿՍ-ին որպես գործընկեր երկիր միանալու պաշտոնապես հարցում է ուղարկել ուղերձի միջոցով՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նախագահում է խումբը, որն ամրացնում է իր դիրքերը որպես գլոբալ աշխարհաքաղաքականության առանցքային դերակատար և Գլոբալ հարավի երկրների հույս», - գրել է Պերեյրան X սոցիալական հարթակում։ 

ԲՐԻԿՍ-ի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից, գագաթնաժողովին ծրագրում են մասնակցել Թուրքիայի նախագահը, Հայաստանի, Բելառուսի, Մոնղոլիայի և Բոլիվիայի ներկայացուցիչներ։ 

Կուբայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին հայտնել է, որ մասնակցելու հրավեր է ստացել նաև Կուբայի պատվիրակությունը։

2024 թվականին ԲՐԻԿՍ-ին միանալու պաշտոնական հայտ են ներկայացրել Մալայզիան և Ադրբեջանը։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Թուրքիան նույնպես հայտ է ներկայացրել միավորմանը լիիրավ անդամակցության համար։ 

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում