Երևանում շարունակվող Գիտության շաբաթվա միջոցառումներին ներկայանում են նաև մարզերի աշակերտները
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 2-ին շարունակվեց նախօրեին մեկնարկած «Գիտության շաբաթ» փառատոնը, որը կրում է «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագիրը:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հայաստանում առաջին անգամ նման ձևաչափով կազմակերպվող Գիտության շաբաթվա առաջին երկու օրերը «Գիտությունն ամենուրեք է» թեմատիկայով են:
«Ուզում ենք ցույց տալ, թե մեզ շրջապատող աշխարհն ինչպես է փոխվում գիտնականի գործունեության, հայտնագործությունների, ճարտարագետների աշխատանքի շնորհիվ: «Գիտությունն ամենուրեք է» բլոկում մասնակցում են գիտական ինստիտուտները՝ տարբեր գիտակարգերից՝ սկսած ֆիզիկայից մինչև ազգագրություն ու հնագիտություն: Բացի այդ, ներկա են տեխնոլոգիական, կրթական հիմնադրամներ ու ընկերություններ, որոնք երկար տարիներ փորձում են Հայաստանում զարգացնել գիտությունն ու կրթությունը: Հիմնական շեշտադրումն, իհարկե, գիտական էկոհամակարգի զարգացման մասին է»,- ներկայացրեց «Գիտուժ» նախաձեռնության աշխատանքների համակարգող Լիլիթ Մարգարյանը:

Ձևավորված 14 տաղավարներում փառատոնին մասնակցող գիտական ինստիտուտների ու հաստատությունների ներկայացուցիչները այցելուներին, այդ թվում՝ հիմնականում աշակերտներ մայրաքաղաքի ու մարզերի դպրոցներից, ներկայացնում էին իրենց գործունեությունը՝ ցույց տալով, թե ինչ խնդիրներ է լուծում իրենց գիտակարգը: Զուգահեռ՝ աշակերտների հետ միասին իրականացրին տարաբնույթ գիտափորձեր ու ներկայացրին փորձանմուշներ, որոնց ուղղությամբ ներկայում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում ինստիտուտների կողմից:
Մարգարյանը ոգևորիչ համարեց տաղավարներում առաջին երկու օրերի մարդաշատությունը:

«Երեխաները ոգևորված տարբեր փորձերի էին մասնակցում, հարցերով դիմում գիտնականներին ու ստանում պատասխանները: Ոգևորիչ էր նաև մեդիայի ու հասարակության հետաքրքրությունը դեպի միջոցառումը: Քանի որ առաջին անգամ ենք կազմակերպում, նպատակն այն էր, որ մարդկանց մոտ հետարքրքություն առաջանա, և ցանկանան, որ Հայաստանում ամեն տարի կազմակերպվի այս ֆորմատով միջոցառում՝ իհարկե, թեման փոխելով»,- ասաց նա:
Մարգարյանը մանրամասնեց, որ փառատոնի շրջանակներում ապակենտրոնացված միջոցառումներ են կազմակերպվում նաև հանրապետության մարզերի դպրոցներում ու մանկապարտեզներում ևս:

Չնայած դրան՝ օրվա ընթացքում Ազատության հրապարակի տաղավարների շուրջ հաճախ կարելի էր հանդիպել նաև մարզերից ուսուցիչների գլխավորությամբ ժամանած աշակերտների խմբերի:

«Գիտությունն ամենուրեք է» թեմայով միջոցառումների շարքն ամփոփվեց դասախոսությունների շարքով, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց նորարարական ընկերությունների ձևավորման գործում գիտության դերին, ինչպես նաև՝ մեքենայական ուսուցման ու քվանտային մեխանիկայի վերաբերյալ թեմաների:
Հոկտեմբերի 3-4-ը Գիտության շաբաթը կշարունակվի մասնագիտական կողմնորոշման թեմայով՝ նպատակ ունենալով խրախուսել երիտասարդներին որպես մասնագիտություն ընտրելու գիտությունը: