Գիտություն

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի

4 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը նոր գործադիր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է նոր ղեկավար կազմի ընտրության մասին․ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից FAST-ի գործադիր տնօրենի պաշտոնը կստանձնի Սյուզաննա Շամախյանը։ Հիմնադրամի ներկայիս ղեկավար Արմեն Օրուջյանը միանալու է FAST-ի Հոգաբարձուների խորհրդին՝ շարունակելով իր նպաստը բերել հիմնադրամի առաքելության իրականացմանն արդեն որպես Խորհրդի անդամ։ 

Սյուզաննա Շամախյանն ավելի քան 6 տարի մեծ ներգրավվածություն է ունեցել FAST-ում՝ նախ որպես համագործակցությունների, ապա ռազմավարական ծրագրերի փոխնախագահ: Նրա փորձագիտական գիտելիքը, FAST-ի առաքելության խորքային ըմբռնումը և առաջնորդությունն օգնել են մշակելու և իրականացնելու հիմնադրամի մի շարք ռազմավարական նախաձեռնություններ, ինչպիսին է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը։ 

«Սյուզաննան հմուտ առաջնորդ է, ում օգնությամբ FAST-ն իրականություն է դարձնում Հայաստանում և դրա սահմաններից դուրս նորարարությունն ու գիտական ​​առաջընթացը խթանող էկոհամակարգի ձևավորման իր առաքելությունը։ Վստահ եմ, որ կառուցելով այն ամուր հիմքերի վրա, որ դրել է Արմեն Օրուջյանը, ինչի համար նրան շնորհակալ ենք, Սյուզաննան լավագույնս կառաջնորդի հիմնադրամն իր զարգացման հաջորդ փուլում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծում է FAST-ի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը։ 

Սյուզաննա Շամախյանն ունի ավելի քան 12 տարվա փորձ կրթության կառավարման և միջազգայնացման ոլորտում։ Նրա ջանքերով ինստիտուցիոնալ համագործակցություններ են հաստատվել Հայաստանի և ավելի քան 40 երկրի տարբեր կրթական և միջազգային հաստատությունների միջև։ Սյուզաննայի գործունեության ընթացքում ստեղծված ծրագրերն իրենց ազդեցությունն են բերել ավելի քան 17,000 երիտասարդի և 500-ից ավելի մանկավարժի ու հետազոտողի կյանքում։

«Շատ լավ հիշում եմ, երբ FAST-ը հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին, ինձ այնքան ոգևորեց, որ կան նման մարդիկ, որոնք կարևորում են Հայաստանի ապագայի մեջ ներդրումը և հանդես գալիս համարձակ ու երկարաժամկետ տեսլականով։ Արմենի և թիմի հետ անցած այս տարիները FAST-ում անմոռանալի ճամփորդություն են եղել, և ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել FAST-ի գործադիր տնօրենի դերը։ Շնորհակալ եմ մեր ամբողջ համայնքին վստահության և աջակցելու պատրաստակամության համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով FAST-ը դուրս կգա զարգացման նոր փուլ՝ էլ ավելի ընդլայնելով իր գործընկերային կապերն ու սփյուռքի հետ համագործակցության շրջանակը և առավել թիրախային դարձնելով իր գործունեության առանցքը»,- նշել է Սյուզաննա Շամախյանը: 

FAST-ի փոխակերպման և զարգացման գալիք փուլում, նոր տնօրենի նշանակմանը զուգահեռ, ընդլայնվելու է նաև հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմը։ Մասնավորապես՝ խորհրդում Նուբար Աֆեյանին, Արթուր Ալավերդյանին, Ինգրիդ Հենգսթերին և Անդրե Անդոնյանին են միանալու գործարար, «NuArca» ընկերության ղեկավարող գործընկեր Րաֆֆի Ֆըսթըգճյանը, «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ինչպես նաև FAST-ն իր գործունեության առաջին յոթ տարիներին առաջնորդած Արմեն Օրուջյանը։ 

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանը գիտությամբ և նորարարությամբ առաջատար երկիր դարձնելու առաքելությամբ: Հիմնադրամն իրականացնում է նախագծեր կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացման ուղղություններում: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 15 հազար շահառուի համար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում