Իրան

Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելին՝ նաև շեշտելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն սպառնացել է Իսրայելին՝ նաև շեշտելով, որ Թեհրանը պատերազմի չի ձգտում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանը պատերազմի չի ձգտում, այլ փորձում է կայունություն հաստատել Մերձավոր Արևելքում, սակայն երկիրն ի զորու է պատասխան տալ ցանկացած «արկածախնդիր գործողությունների»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանիին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը և իրանցի ժողովուրդը պատերազմի չեն ձգտում, այլ փորձում են տարածաշրջանում կայունություն հաստատել, սակայն նրանք երբեք աչք չեն փակի ցանկացած արկածախնդիր գործողության վրա, որը թիրախավորում է երկրի ազգային շահերը և անվտանգությունը», - ասել է Քանանին։

Նա հավաստիացրել է, որ ցանկացած մեկը, ով կսպառնա Իրանի ազգային անվտանգությանը, անկասկած, պատասխանի կարժանանա։

«Եթե պայմանները պահանջեն, և եթե ժամանակը գա, մենք կհասնենք մինչև իսկ Երուսաղեմ։ Ոչ ոք չպետք է կասկածի Իրանի հնարավորություններին՝ պատասխանելու արկածախնդիր գործողություններին։ Աշխարհը գիտի և տեսել է դա։ Ուզուրպացնող վարչակազմը (խմբ. նկատի ունի Իսրայելը) կործանման եզրին է», - հավելել է Քանանին։

Նա նշել է, որ Իրանն աչալուրջ կերպով համբերություն է դրսևորում, որպեսզի պահպանի տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը և աջակցի պաղեստինցի ժողովրդին, սակայն «եթե տեսնենք անհրաժեշտ պայմանները, ապա Իրանը, միանշանակ, չի վարանի պաշտպանել իր ազգային անվտանգությունը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում