ՄԱԿ-ի ՊՀԾ-ի, ԵԱԶԲ-ի և «Երեմյան Փրոջեքթս»-ի համագործակցությամբ մեկնարկեց «Կաթ դպրոցներին․ Լոռի և Երևան» ծրագրի նոր փուլը
12 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ), Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կողմից իրականացվող «Կաթ դպրոցներին. Լոռի և Երևան» ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Օրը խորհրդանշական է այն առումով, որ ամբողջ աշխարհում սեպտեմբերի վերջին չորեքշաբթին՝ այս տարի սեպտեմբերի 25-ը, նշվում է որպես «Կաթ դպրոցներին» համաշխարհային օր (World School Milk Day)։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուի, Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի, ինչպես նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ողջույնի խոսքերով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց.
«Սա եզակի ծրագրերից է, որտեղ համատեղվում են մի քանի միջազգային կառույցների, մասնավոր սեկտորի եւ պետական կառույցների ջանքերը։ Մասնավոր կազմակերպությունների ներգրավումը կրթական գործընթացում, համագործակցության ձևավորումը շատ կարևոր նշանակություն ունեն։ Անցյալ տարի մեր գործընկերների՝ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարահյին ծրագրի աջակցությամբ, Վայոց ձորի մարզում իրականացրեցինք ծրագիր, որտեղ բավականին լավ արդյունքներ գրանցվեցին։ Վստահ եմ, որ այս ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները նույնպես կգրանցեն նմանատիպ արդյունքներ»։
Մեկնարկին ընդառաջ՝ ծրագիրն իրականացնող կողմերն այցելություններ են ունեցել ընտրված դպրոցներ՝ ծանոթանալու խոհանոցների պատրաստվածությանն ու համոզվելու, որ դպրոցները պատրաստ են ծրագրի հաջող և սահուն մեկնարկին: ՊՀԾ- ն նաև մշակում է գնահատման գործիքներն ու վարքագծային փոփոխությանն ուղղված միջոցառումներ՝ երեխաների շրջանում ձևավորելու առողջ սնվելու վարքագիծ։
Միջոցառումն անցկացվեց պանելային քննարկման ձևաչափով, որի բանախոսներն էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և Հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Սանկար Դատտան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը, հաղորդակցության տնօրեն, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» գործակալության ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը, ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Քրիստինե Գալստյանը, իսկ մոդերատորն էր Սինգապուրի Global Fintech Institute-ի ակադեմիական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը։
Պանելային քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին ինչպես «Կաթ դպրոցներին» ծրագրի նոր փուլի առանձնահատկություններն ու իրականացման հեռանկարները, այնպես էլ քննարկեցին կաթի՝ որպես կարևոր սննդամթերքի օգտագործման կարևորությունը դպրոցահասակ երեխաների աճի և զարգացման տեսանկյունից, ծանոթացրեցին նախատեսվող միջոցառումներին, որոնք կնպաստեն Հայաստանում երեխաների և մեծահասակների շրջանում կաթի՝ որպես առողջ նախաճաշի մաս, օգտագործման խթանմանը։ Միջոցառման առանցքում էին առողջ սնվելու սովորությունների ձևավորման համատեքստում երեխաների վարքագծային փոփոխություններին ուղղված իրականացված և ընթացիկ ծրագրերի քննարկումը։
«ՊՀԾ-ն մշտապես առաջնահերթություն է տվել երեխաների սննդին, առողջությանն ու բարեկեցությանը և կարևորել դրանց դերն ուսումնական հաջողություններում և առաջընթացում։ «Կաթ դպրոցներին» ծրագրի միջոցով մենք հայ դպրոցականների ուշադրությունը հրավիրում ենք բալանսավորված սննդակարգի անհրաժեշտության վրա։ ԵԱԶԲ-ի և «Երեմյան Փրոջեքթսի» հետ համագործակցության շնորհիվ մենք նպաստում ենք Հայաստանում երեխաների առողջ ապագայի կառուցմանը՝ սկսած պարզ, բայց և կարևորագույն քայլից՝ օրական մեկ բաժակ կաթ խմելուց», - խոսելով ծրագրի վերաբերյալ՝ նշեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։
Վերջինս նաև շատ կարևորեց երեխաների կաթ խմելը, որը կօգնի նրանց՝ լինել ավելի առողջ և ավելի ուժեղ։ Նրա խոսքով՝ այս ամենն արվում է, որպեսզի հայ երեխաները կարողանանան օգտագործել իրենց ամբողջ ներուժը։
«Ինչպես շատերդ գիտեք, Հայաստանում երեխաները շատ հաճախ բաց են թողնում իրենց նախաճաշն ու արդեն առավոտյան ժամը 10-ի սահմաններում լինում են քաղցած, ինչը հանգեցնում է նրանց կենտրոնացման թուլացմանը, նրանք այնքան էլ կենտրոնացած չեն լինում իրենց դասերի նկատմամբ, ինչպես նաև դասերից հետո քաղցած լինելու պատճառով նրանք հաճախ օգտագործում են անառողջ սնունդ», - իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն՝ ընդգծելով, որ այս միջոցառումն ու քայլերն իրականացվում են, որպեսզի այդ վատ սովորությունները վերանան, և երեխաների մոտ ձևավորվեն ավելի առողջ սովորություններ։
Հայաստանում ԵԱԶԲ ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի խոսքով՝ սա ԵԱԶԲ-ի, ՊՀԾ-ի և «Երեմյան Փրոջեքթսի» հետ համագործակցության մեր առաջին փորձն է։
«Շատ ուրախ ենք նման հնարավորության համար, հատկապես հաշվի առնելով, որ սա «Երեմյան Փրոջեքթսի» հետ իրականացվող մեր համատեղ ծրագրի երկրորդ քայլն է։ Այսպիսով, մենք առաջ ենք շարժվում և ընդլայնում մեր համագործակցությունը՝ սկսած ֆերմայից և կաթի արտադրությունից մինչև դպրոցականներին կաթի մատուցում։ Տեղական արտադրությանն աջակցելուց զատ, մենք նաև նպաստում ենք երեխաների շրջանում առողջ սննդակարգի ձևավորմանը։ Լիահույս ենք, որ գազավորված և անառողջ ըմպելիքների սպառման նվազման տեսանկյունից մեր նախագիծը դպրոցականների շրջանում իր դրական ազդեցությունը կունենա»։
Արմեն Մելկիկյանը նաև նշեց, որ այս ծրագրի շարունակության և ընդլայնման վերաբերյալ մտադրությունների մասին համաձայնագիրը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի միջև ստորագրվել է այս տարվա հունիսին՝ ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի ժամանակ։
«Այդ փուլից սկսած՝ մենք սկսել ենք նախագծի մշակումը։ Իրականում, առաջին պիլոտային ծրագիրն արդեն արված է եղել «Երեմյան Փրոջեքթս»-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից, որի լավ օրինակը վերցնելով՝ մենք դրան մասշտաբայնություն ենք հաղորդել այն առումով, որ պիլոտային ծրագրում ներառված է եղել 2 դպրոց, իսկ մեր ծրագրով՝ դպրոցների քանակը հասնում է 11-ի։ 1350 աշակերտ անվճար օգտվելու է կաթից», - մանրամասնեց Արմեն Մելկիկյանը։
«Կաթ դպրոցներում» ծրագիրը Հայաստանում առողջ սնվելու և վարքագծային փոփոխության համատեքստում կարևոր համագործակցություն է։ Եվ ուրախ եմ, որ ծրագրի երկրորդ փուլից արդեն ընդգրկվում են Երևանի դպրոցները։ Նախորդ տարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ երկու դպրոցներում իրականացված պիլոտային ծրագրի տպավորիչ ու խոսուն արդյունքների շնորհիվ է ծրագիրն այժմ ընդլայնվում։ Դրանք լավագույն ապացույցն են, որ կաթի սպառման նոր մշակույթ ձևավորելու մեր նպատակին հասնելու համար ճիշտ ռազմավարությամբ ենք գործում», - նշեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, խմբի կառավարման խորհրդի անդամ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում առկա բազմակողմ համագործակցությունն ինքնին բացառիկ է, քանի որ դրանում ներգրավված են ոչ միայն պետական կառույցներն, այլև մասնավոր հատվածը, ինչը ևս բացառիկ երևույթ է հանդիսանում։
Խոսելով ընկերության արտադրանքի որակի մասին՝ Լուսինե Երեմյանը շեշտեց, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի կաթը բացառիկ է այն պարզ պատճառով, որ հիմնված է «Սերմից սեղան» հայեցակարգի վրա։ Դա նշանակում է, որ ընկերությունը պատասխանատու է կաթի ստացման ամբողջ շղթայի համար և յուրաքանչյուր փուլի վրա ունի բացարձակ վերահսկողություն։
Առողջ սնունդն արդյունավետ ուսումնական գործընթացի կարևոր գործոն է։ «Կաթ դպրոցներում» ծրագրի հիմնավորումն այն է, որ զարգացման կարևոր ժամանակահատվածում երեխաների կողմից կաթի օգտագործումը նպաստում է նրանց աճին, ստեղծում կաթի օգտագործման հետ կապված դրական սովորություններ, նվազեցնում առավոտյան քաղցի զգացումը դպրոցական սննդից առաջ, ինչն էլ իր հերթին բարելավում է դասապրոցեսում կենտրոնացումն ու նվազեցնում անառողջ խորտիկներ ուտելու ցանկությունը։ Ուստի կաթի ներառումը դպրոցական սննդակարգում երեխաներին անհրաժեշտ էներգիայի բավարարման կարևոր մաս է։
Օրն ավելի առողջ և արդյունավետ սկսելու համար առավոտյան մեկական բաժակ կաթ կստանան արդեն ոչ միայն մարզերի, այլև երևանյան դպրոցները. այս անգամ ծրագրում նախնական ընդգրկված են 9 դպրոց՝ 7-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Տաշիր, Մեծավան համայնքներում և 2-ը՝ Երևանի Աջափնյակ ու Շենգավիթ վարչական շրջաններում։ Ծրագիրն ընդգրկում էվերոնշյալ դպրոցների 5-9-րդ դասարանների շուրջ 1350 աշակերտի։
Միջոցառման ընթացքում ներկայացված էր նաև «Կաթըսեր է, ուժ և առողջություն» խորագրով ֆոտոշարքը։
«Կաթ դպրոցներին. Լոռի և Երևան» ծրագրի մեկնարկին և «Կաթ դպրոցներին համաշխարհային օրվան» նվիրված միջոցառմանը մասնակցում էին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, միջազգային և դիվանագիտական կառույցների, դպրոցների ներկայացուցիչներ, աշակերտներ, ծնողներ, բժիշկ-սննդաբաններ։
Դավիթ Մամյան