Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անհրաժեշտ են համարել բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անհրաժեշտ են համարել բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը` ընդգծելով բոլոր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգին: Վարչապետը նշել է, որ խաղաղության պայմանագրի նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է և Հայաստանը պատրաստ է համաձայնեցված հոդվածների հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` ուղղված տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակմանը: 

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Վարչապետ Փաշինյանը կարևորել է ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման ուղղությամբ: Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընդլայնման հարցում երկուստեք կարևորվել է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում