Եվրոպա

Հայաստանի Անկախության տոնին Բելգիայի Ռոսելար քաղաքում հայկական Խաչքար բացվեց

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Անկախության տոնին Բելգիայի Ռոսելար քաղաքում հայկական Խաչքար բացվեց

ԲՅՈՒՍԵԼ, 23  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի Ռոսելար քաղաքում Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի օրը տեղաբնակ Խաչատուրյան ընտանիքի նախաձեռնությամբ, տեղի հայ համայնքի եւ քաղաքային իշխանությունների աջակցությամբ տեղի է ունեցել հայ եւ բելգիացի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ երկու երկրների բարեկամությանն ու համագործակցությանը նվիրված խաչքարի բացմանը ներկա էին քաղաքային իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, Բելգիայում Հայաստանի փոխդեսպան Վարդան Սարգսյանը, համայնքային ներկայացուցիչներ։ 

Փոխդեսպան Վարդան Սարգսյանը նշել է, որ խաչքարը հայ ժողովրդի համար դարերով ունեցել է համախմբող դեր և հանդիսացել է ինքնության անբաժանելի մաս։ 

«Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության գիտակցության մեջ խաչքարը հանդիսացել է սեփական կրոնի, մշակույթի, արժեքների և տոկունության յուրահատուկ մարմնավորումը։ Հատկանշական է, որ հենց այս օրերին մեկ տարի առաջ Արցախի վրա հարձակումից, շուրջ 120 հազար արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուց և հայրենազրկելուց հետո, հիմա էլ ականատես ենք լինում Արցախի հոգևոր և մշակությաին ժառանգության վերացման, այդ թվում՝ հայկական խաչքարերի ոչնչացման ադրբեջանական քաղաքականությանը, որի նպատակը հայկական հետքն ու հազարամյա ներկայությունը ջնջելն ու հայի ստեղծագործ ոգին կոտրելն է», - դեսպանի խոսքերն է փոխանցել Վարդան Սարգսյանը, հավելելով, որ բարեկամ Բելգիայում, Ռոսելարի հյուրընկալ հողում, գեղատեսիլ այս պուրակում հայկական խաչքարի տեղադրումը երկու ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև հայ ժողովրդի արարչական ոգու կարևոր դրսևորում է, ինչը վկայում է նաև փոխադարձ համակրանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկու ժողովուրդների կապերի առավել ամրապնդման և խորացման պատրաստակամությունը։

Ռոսելարի քաղաքապետի պատմամշակութային հարցերով տեղակալ Միեկե Վանբրուսելն իր խոսքում նշել է, որ դեռ իրենից առաջ պաշտոնի եղած գործընկերների համար այս նախագիծը նվիրական էր, ու երջանիկ է այսօր դրա իրականացմանը ներկա գտնվել։ Վանբրուսելն իր հերթին համայնքին շնորհակալություն է հայտնել՝ հայկական խորհրդանիշով իրենց քաղաքն էլ ավելի հարստացնելու համար ու հաստատել՝ բարեկամությունն էլ ավելի սերտացավ։ 

Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ և Բելգիայում Հայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը օրհնել է խաչքարի բացումը եւ նշել, որ սա հայերի երախտագիտության արտահայտություն է Ռոսելարի քաղաքային իշխանություններին, որոնք բազմաթիվ հայ ընտանիքներ են հյուրընկալել։ Ընտանիքներ, որոնք այսօր իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերում քաղաքացիական կյանքի ամենատարբեր ոլորտներում։ 

«Խաչքարը մեր քրիստոնեական ինքնության եւ հայոց պատմության խորհրդանիշն է։ Խորհրդանիշն է ինչպես անցյալի՝ այնպես էլ ապագայի։ Խաչքարին փորագրված պապիկն ու տատիկը մեր արցախցահայ քույրերի եւ եղբայրների հայրենական հողերն է հիշեցնում։ Սա հիշեցում է, որ մի ամբողջ ժողովուրդ մեկ տարի առաջ զրկվեց իր պապենական հողում ապրելու ու ստեղծագործելու իրավունքից։ Ցավալի է, որ այդ ամենը կատարվեց աշխարհի քաղաքակիրթ պետությունների եւ ժողովուրդների մեղսակից լռության ու անտարբերության առջեւ», - մեկնաբանելով խաչքարը՝ Հայր Սուրբն իր խոսքն ավարտել է ուշադրություն հրավիրելով  խաչքարի վերեւում պատկերված արծվի վրա՝ հայի ոգու ու կամքի դրսեւորում, որը հսկում ու պահպանում է, որպեսզի հայկական արժեքները պահպանվեն ու զարգանան։ 

Խաչքարի տեղադրմամբ՝ այն էլ հայերի հաճախ այցելած մատուռի հարեւանությամբ, իննսունականների վերջին Ռոսելար քաղաքում հաստատված Խաչատուրյան ընտանիքի որդու՝ Միքայել Խաչատուրյանի վաղեմի նվիրական երազանքն իրականություն դարձավ։ Հիմա արդեն քաղաքում հայկական մնայուն շունչ ու խորհրդանիշ կա։ Խաչքարի հանդիսավոր բացման արարողությունն ավարտվել է հայկական «Նարեկ» պարային ստուդիայի ելույթով։ 

Լիլիթ Գասպարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում