Հայաստան

Ռազմավարական որոշում ենք կայացրել մոդուլյար ատոմակայան կառուցելու վերաբերյալ․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Ռազմավարական որոշում ենք կայացրել մոդուլյար ատոմակայան կառուցելու վերաբերյալ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է մոդուլյար ատոմակայանի կառուցումը Հայաստանում՝ ինչպես էներգետիկ հնարավորությունների դիվերսիֆիկացման, այնպես էլ արտաքին միջավայրի անվտանգության տեսանկյունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով էներգետիկ անվտանգությանն ուղղված Հայաստանի քաղաքականության մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանի կառուցման նախագծից։

«Մենք ռազմավարական որոշում ենք կայացրել, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան։ Մասնագետները մեզ բացատրեցին, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ։ Դա նշանակում է, որ մոդուլային տեխնոլոգիայով կառուցված ատոմակայանի ներսում եթե վթար է տեղի ունենում, 500 մետր այն կողմ բնակավայրի բնակչությանը չեն տարհանում։ Այսինքն, տեղային նշանակության վթար է լինում, որը միջավայրին չի սպառնում։ Սա մեզ համար ակնհայտ դարձրեց, որ պետք է գնանք այդ ճանապարհով»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ընթացքում ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիայի կիրառման փուլին հասել են մի քանի երկիր, որոնց շարքում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը, Հարավային Կորեան։

«Ես նախորդ տարի Բրյուսելում մասնակցեցի միջուկային էներգետիկայի գագաթնաժողովին, որից հետո որևէ կասկած չմնաց, որ այդ տեխնոլոգիան բավարար չափով հասունացած է, և դրա ներդրումն ընդամենը ժամանակի հարց է։ Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որ և՛ Հայաստանի ներսում, և՛ շրջակա երկրների համար դա որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք»,-նշեց վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում