Աշխարհ

ABBA խումբը պահանջել է, որ իր երաժշտությունը չօգտագործվի Թրամփի քարոզարշավի ժամանակ

2 րոպեի ընթերցում

ABBA խումբը պահանջել է, որ իր երաժշտությունը չօգտագործվի Թրամփի քարոզարշավի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Music մեդիահոլդինգը և ABBA խմբի մասնակիցները պահանջել են դադարեցնել ABBA-ի երաժշտության օգտագործումն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Universal Music-ի շվեդական ստորաբաժանման PR բաժնի ղեկավար Ֆրիդա Սքուգը։

«ABBA խմբի մասնակիցների հետ միասին մենք պարզեցինք, որ Թրամփի միջոցառումների ժամանակ թողարկվել են տեսահոլովակներ, որոնցում օգտագործվել է ABBA-ի երաժշտությունը, ուստի մենք պահանջել ենք անհապաղ հեռացնել դրանք և դադարեցնել դրա օգտագործումը», - ասել է գործակալության զրուցակիցը։

Սքուգի խոսքով՝ Universal Music մեդիահոլդինգը և շվեդական Polar Music ձայնագրող ընկերությունը ABBA-ի երաժշտությունն օգտագործելու հարցումներ չեն ստացել, ուստի Թրամփին որևէ թույլտվություն կամ արտոնագիր չի տրվել։

Շվեդական ԶԼՄ-ները գրում են, որ Մինեսոտայում Թրամփի նախընտրական միջոցառման ժամանակ հնչել են ABBA-ի «The Winner Takes It All», «Money, Money Money» և «Dancing Queen» երգերը։

ABBA խումբը միացել է այն կատարողներին, որոնք պահանջում են, որ Թրամփը դադարեցնի հրապարակավ իրենց երաժշտության օգտագործումը: Ինչպես գրում են շվեդական ԶԼՄ-ները, նրանց թվում են երգչուհիներ Սելին Դիոնը, Ռիհաննան, E Street Band խմբի ղեկավար Բրյուս Սփրինգսթինը և երգիչ Նիլ Յանգը։

Ավելի վաղ ամերիկացի երաժիշտ Այզեք Հեյզի ընտանիքը հայտարարել էր, որ դատական ​​հայց է ներկայացնում Թրամփի և նրա նախընտրական շտաբի դեմ, քանի որ Թրամփը երկու տարի շարունակ առանց թույլտվության օգտագործել է արտիստի երգը նախընտրական հանրահավաքների ժամանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում