Մշակույթ

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» ֆիլմը

7 րոպեի ընթերցում

Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով-Սերգեյ Փարաջանով» վավերագրական ֆիլմը գրանցել է մեծ հաջողություն՝ ընդգրկվելով Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:

Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Զառա Ջյանը Փարաջանովի տուն-թանգարանում կազմակերպված մամլո ասուլիսում նշեց, որ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում իրենց ֆիլմի ընդգրկումն իսկապես մեծ ու հաճելի անակնկալ էր, և մինչ օրս ստեղծագործական խումբը վերապրում է աննկարագրելի զգացմունքները։ 

«Միջազգային հարթակներում ֆիլմի պատշաճ ներկայացումն ընդգրկում է զգալի աշխատանք, որով այժմ զբաղվում են հեղինակներն ու հատկապես պրոդյուսերները՝ ի դեմս Անի Որսկանյանի և Շուշանիկ Միրզախանյանի։ Ֆիլմի հերոսներն են Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Լևոն Աբրահամյանը և նրանց հետ նաև այնպիսի համաշխարհային մեծություններ, ինչպիսիք են Լորա Գուերրան, Ալի Խամրաևը, Էմիր Կուստուրիցան, Թարսեմ Սինխը, Չուլպան Խամատովան, Ժոել Շապրոնը և, իհարկե, անկրկնելի Սերգեյ Փարաջանովը։ Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա և ավելի շատ ներկայացնում է հեղինակի տեսակետը,  թե ինչպես է նա փորձում Փարաջանովի միջոցով պատասխաններ գտնել իր հարցադրումներին։ Ամենակարևոր մեսիջներից մեկն այն է, որ պատմության ընթացքում ժամանակներն ու դրանցում առկա խնդիրները չեն փոխվում, ուստի շատ կարևոր է մեր տեսանկյունն ու վերաբերմունքը դրանց նկատմամբ»,- ասաց Ջյանը։ 

Ռեժիսորն ու սցենարի հեղինակը կարևորեց տարբեր ժամանակներին բնորոշ խնդիրների և իրադարձությունների յուրատեսակ սինթեզումը՝ շեշտելով որ ֆիլմն իր էությամբ պրոհայկական է։ Նա հայտնեց, որ Վենետիկի կինոփառատոնը տարեկան ստանում է 15 հազար ֆիլմ, որոնցից մրցութային կարգով պետք է կատարի համապատասխան ընտրություն, հետևաբար այդ քանակի մեջ հայկական կինոյի ներկայությունն արդեն իսկ մեծ հաջողություն է։  Ֆիլմի շնորհիվ՝ միջազգային հարթակներում հնչելու է ոչ միայն ստեղծագործական խմբի, այլև Հայաստանի անունը։  

Պրոդյուսեր Անի Որսկանյանն իր հերթին նշեց, որ Զառա Ջյանի հետ հանդիպել է 2023 թվականի մարտին, երբ վերջինս իրեն պատմել է նախագծի մասին։

«Ես ընդհանրապես չէի զբաղվում վավերագրական ֆիլմերով, բայց երբ ծանոթացա նախագծի հետ, և Զառան պատմեց, թե ում հետ է ցանկանում հանդիպել և զրուցել իրեն հուզող հարցերի շուրջ և ում է ցանկանում ընդգրկել ֆիլմում, միանգամից իմ մեջ առաջացավ մեծ հետաքրքրություն։ Ինձ համար ամենագլխավորն այն էր, որ ֆիլմը Փարաջանովի միջոցով պատմում է մերօրյա խնդիրների մասին, և այս տարի նշվելու է Փարաջանովի 100-ամյա հոբելյանը։ Մենք ի սկզբանե նախատեսում էինք նկարահանումներն իրականացնել այլ պլանով, սակայն ստացվեց այնպես, որ երեք տարվա համար նախատեսված աշխատանքը կատարեցինք մեկուկես տարում, ինչն իսկապես բավականին բարդ էր»,- մանրամասնեց Որսկանյանը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն, անկախ պրոդյուսեր Շուշանիկ Միրզախանյանն իր հերթին նշեց, որ երբ գործում էր վերոհիշյալ կառույցը, ի սկզբանե մեծ ուշադրություն հատկացվեց ֆիլմին, որի նախնական աշխատանքներն իրականացվում էին մեծ դժվարությամբ։ 

«Նկարահանումներն իրականացվում էին տարբեր երկրներում, և ստեղծագործական խումբը պետք է արագ կողմնորոշվեր, թե ինչ պետք է անեին ամենասկզբում։ Ցանկանում եմ առանձնահատուկ նշել նաև ֆիլմի կանադահայ օպերատոր Նորայր Կասպերի մեծածավալ աշխատանքը, ով բավականին ճանաչված է և հիմնականում Ատոմ Էգոյանի բոլոր ֆիլմերի գլխավոր օպերատորն է։ Նման արհեստավարժ մասնագետի ընդգրկումը շատ կարևոր էր հետագա նկարահանումներն իրականացնելու առումով։ Նրա տեսախցիկը՝ որպես հերոս, նույնպես պտտվում է ֆիլմում։ Անկախության տարիներին մենք ունեցանք ևս մեկ ֆրանս-հայկական հրաշալի ֆիլմ, որը նույնպես ժամանակին ընդգրկվեց Վենետիկի կինոփառատոնի մրցույթում։ Դա խաղարկային ֆիլմ էր, բայց հիմա ունենք արդեն փաստավավերագրական ֆիլմ, որը նույնպես համատեղ աշխատանքի արդյունք է, և շատ կարևոր է, որ այն ցուցադրվելու է Վենետիկում հենց Փարաջանովի հոբելյանական տարում»,- հայտնեց Միրզախանյանը։   

Ֆիլմը սկսվում է ժամանակակից ռեժիսորի որոշումից` լքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին հետազոտվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, կամ ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա: Շեշտվում է, որ կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունենան՝ չնայած արգելքներին և բռնապետություններին:

Ֆիլմում առկա է ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գտնվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։ 

Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան: Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում և Լատվիայում։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։

Մանվել Մարգարյան 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում