Գիտություն

Եվրոպայում մինչև հարյուրամյակի վերջը տապից մահվան դեպքերը կարող են եռապատկվել

2 րոպեի ընթերցում

Եվրոպայում մինչև հարյուրամյակի վերջը տապից մահվան դեպքերը կարող են եռապատկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում տապից մահացությունների թիվը մինչև 2100 թվականը կարող է եռապատկվել, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա բարձրանա ըստ Ցելսիուսի 3 աստիճանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման գնահատականներ են ներկայացվում եվրոպացի գիտնականների ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է The Lancet հանդեսում։ 

Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ Եվրոպայում տապի հետ կապված մահացությունների թիվը, որը 1991-ից մինչև 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում տարեկան կազմում էր մոտավորապես 43 000, մինչև 2100 թվականը կարող է եռապատկվել՝ հասնելով 129 000-ի, եթե ջերմաստիճանը մոլորակի վրա բարձրանա ըստ Ցելսիուսի 3 աստիճանով։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ ջերմաստիճանի այս ցուցանիշն իրենից ներկայացնում է աճի վերին նշագիծ՝ աշխարհում ընթացիկ կլիմայական քաղաքականության շրջանակներում։ Նշվում է, որ տապից ամենաշատը տուժում է Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի և Ֆրանսիայի մի քանի տարածաշրջանների բնակչությունը։

Հետազոտողները հայտնում են նաև, որ մինչև 2100 թվականը ցրտից և շոգից մահացությունների ընդհանուր թվաքանակը կավելանա ավելի քան 13 %-ով՝ 408 000-ից հասնելով 463 000-ի։ Գիտնականներն ամենից շատ մահվան դեպքեր են կանխատեսում 85-ից բարձր տարիքի անձանց շրջանում։

Հետազոտությունն անցկացվել է 30 եվրոպական երկրների 1368 տարածաշրջաններում, ներառյալ՝ ԵՄ պետությունները, ինչպես նաև Նորվեգիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում:

Ավելի վաղ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) հաղորդել էր, որ առաջիկա հինգ տարում Երկրին, հնարավոր է, սպասվում է ռեկորդային շոգ, որը շատ մեծ հավանականությամբ կգերազանցի 2023 թվականին սահմանված ջերմային ռեկորդը։ Այդ ժամանակ միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 1,45 աստիճանով (0,12 աստիճանի սխալականությամբ) բարձր է եղել նախաարդյունաբերական մակարդակից (1850-1900 թթ.)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում