8 օրով տիեզերք մեկնած ամերիկացի տիեզերագնացները կարող են ՄՏԿ-ում մնալ մինչև 2025 թվականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի տիեզերագնացներ Բարրի Ուիլմորը և Սունիտա Ուիլյամսը հունիսի 5-ին Boeing Starliner տիեզերանավով փորձնական առաքելություն կատարեցին դեպի Միջազգային տիեզերակայան և պետք է մի քանի օրից տուն վերադառնային, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նրանք արդեն 2 ամիս է՝ տիեզերքում են։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հաղորդում է, որ 61-ամյա Ուիլմորը և 58-ամյա Ուիլյամսը ՄՏԿ են մեկնել Boeing Starliner-ով, որն առաջին անգամ էր մարդկանց տանում տիեզերք։ Տիեզերագնացները պետք է որոշ փորձարկումներ կատարեին, նախքան Starliner-ը կօգտագործվեր ավելի կանոնավոր թռիչքների համար։ 

Այնուամենայնիվ, արդեն ՄՏԿ-ին մոտենալիս խնդիրներ են ի հայտ եկել, այդ թվում՝ արտահոսք շարժիչային համակարգում և որոշ շարժիչների աշխատանքի խափանում:

Այսպիսով, տիեզերագնացներին Երկիր վերադարձնելու համար անհրաժեշտ կլինի այլընտրանքային փոխադրամիջոց, եթե Starliner-ն անվտանգ չհամարվի Երկիր վերադառնալու համար: 

ՆԱՍԱ-ի պաշտոնյաները հայտնել են, որ առայժմ հստակ որոշում կայացված չէ։ Ըստ նրանց՝ քննարկվող հնարավոր տարբերակն այն է, որ SpaceX-ի Crew Dragon առաքելությունը, որը պետք է սեպտեմբերին տիեզերագնացների տանի ՄՏԿ-ում գտնվող տիեզերագնացներին փոխարինելու, բաղկացած կլինի անձնակազմի 2 անդամից՝ 4-ի փոխարեն, որպեսզի առաքելության ավարտին՝ 2025 թ. փետրվարին, նրանց հետ Երկիր վերադառնան նաև Ուիլմորը և Ուիլյամսը։ Սա նշանակում է, որ Ուիլմորը և Ուիլյամսը տիեզերքում կմնան ևս 6 ամիս, այսինքն՝ 8 օրվա փոխարեն՝ 8 ամիս։

Եթե որոշում կատարվի այս տարբերակի օգտին, ապա Starliner-ը Երկիր կվերադարձվի առանց անձնակազմի՝ համակարգչային հսկողությամբ:

ՆԱՍԱ-ի պաշտոնյաները նշել են, որ վերջնական որոշում կայացնելու համար կարող է պահանջվել մեկ շաբաթ կամ ավելի:

Այս շաբաթվա սկզբին ՆԱՍԱ-ն SpaceX հրթիռով սնունդ և պաշարներ է հասցրել ՄՏԿ, ինչպես նաև լրացուցիչ հագուստ՝ երկու տիեզերագնացների համար:

Չնայած տիեզերագնացները շատ ավելի երկար ժամանակ կանցկացնեն տիեզերքում, քան ի սկզբանե ծրագրել էին, սակայն նրանցից առաջ եղել են տիեզերագնացներ, որոնք ավելի երկար են մնացել ՄՏԿ-ում։ Ռուս Վալերի Պոլյակովը 1990-ականների կեսերին «Միր» տիեզերակայանում անցկացրել է 437 օր: 2023 թվականին ամերիկացի տիեզերագնաց Ֆրենկ Ռուբիոն վերադարձել է ՄՏԿ-ից այնտեղ 371 օր գտնվելուց հետո։ Իսկ ռուսաստանցի Օլեգ Կոնոնենկոն, որը նույնպես ներկայում գտնվում է ՄՏԿ-ում, առաջին մարդն է, որն իր կարիերայի ընթացքում ավելի քան 1000 օր է անցկացրել տիեզերքում:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա