Տնտեսություն

Nikkei-ի շեշտակի անկումը գերազանցել է 1987 թվականի «սև երկուշաբթիի» մակարդակը

2 րոպեի ընթերցում

Nikkei-ի շեշտակի անկումը գերազանցել է 1987 թվականի «սև երկուշաբթիի» մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ֆոնդային բորսայի առանցքային Nikkei ինդեքսը, որն արտացոլում է Ճապոնիայի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումները, սակարկությունների արդյունքներով 12,4 %-ով կտրուկ իջել է՝ ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի և դոլարի նկատմամբ իենի ամրապնդման՝ ներդրողների  անհանգստության ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները։

Սակարկությունների ընթացքում առավելագույն անկումը գերազանցել է 13 %-ը։ Այսպես, սակարկությունների արդյունքներով Nikkei-ը կորցրել է 4451,28 կետ և իջել մինչև 31 458,42 կետի նշագիծ: Դա անկման պատմական ռեկորդ է, որը գերազանցում է 1987 թվականի «սև երկուշաբթիի» անկման մակարդակը, երբ սակարկությունների ընթացքում ինդեքսը կորցրել էր առավելագույնը 3836,33 կետ:

Այդ ֆոնին ճապոնական ավտոարտադրողների բաժնետոմսերը նվազել են 9-13 %-ով։ Այսպես, Toyota Motor-ը գրանցել 11,31 % անկում, Honda Motor-ը՝ 11,89 %, Mitsubishi Motors-ը՝ 9,61 %, Nissan Motor-ը՝ 10,29 %, Suzuki Motor-ը՝ 12,43 % անկում:

Տոկիոյի բորսայում շեշտակի անկումը տեղի դիտորդները բացատրում են ԱՄՆ-ում հնարավոր ռեցեսիայի վերաբերյալ անհանգստություններով, որտեղ աշխատաշուկայի մասին վիճակագրական տվյալներն օգոստոսի 2-ին ցածր էին շուկայի սպասումներից: Անկումը շարունակվում է օգոստոսի 2-ից գնանշումների կտրուկ անկումից հետո, երբ հուլիս ամսվա համար ԱՄՆ արդյունաբերության վիճակի մասին թույլ վիճակագրական տվյալների ֆոնին Nikkei-ը նվազեց  5,8 %-ով:

Գնանշումների նվազման ևս մեկ գործոն է ազգային արժույթի ամրապնդումը, ինչը ձեռնտու չէ խոշոր արտահանողներին։ Օգոստոսի 5-ին փոխարժեքը կազմում է շուրջ 143,85 իեն 1 դոլարի դիմաց, ինչը հունվարի կեսերից ի վեր ամենացածր մակարդակն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում