ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կինոյի հիմնադրամի նոր ղեկավարին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, որի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Բանուչյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այդ առիթով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Հայաստանի կինոյի հիմնադրամ, որտեղ անձնակազմին է ներկայացվել կառույցի նոր ղեկավարը:  

«Նախարարը Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնադրամում, զրուցել աշխատանքային թիմի հետ, ծանոթացել կառույցի առաջիկա ծրագրերին և անելիքներին:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանին՝ այս տարիներին կատարած աշխատանքի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Շնորհավորելով  Դավիթ Բանուչյանին՝ կառույցի ղեկավարումը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 100-ամյա ավանդույթներ և փորձառություն ունեցող «Հայֆիլմի» իրավահաջորդ հանդիսացող հիմնադրամի ղեկավարումը լուրջ հանձնառություն ու պատասխանատվություն է. «Վստահ եմ, որ հիմնադրամի թիմի հետ համատեղ այս աշխատանքը մեծ հաջողությամբ կշարունակեք և կգրանցեք նոր արդյունքներ: Իրականում կինոյի ոլորտից մեր ակնկալիքները շատ մեծ են, և վերջին տարիներին կատարված օրենսդրական փոփոխությունները զարգացման նոր հեռանկարներ են բացում: Ներկայում գտնվում ենք շատ կարևոր փուլում. այս պահին մի քանի ենթաօրենսդրական ակտեր են շրջանառվում, որոնք ընդունվելու դեպքում էապես մեծացնելու են իրականացվող աշխատանքի ծավալն ու գործառույթը: Այդ իմաստով,  իհարկե, հիմնադրամը կարիք է ունենալու որոշակի վերագնահատման և գործառույթների վերապլանավորման՝ թիրախային արդյունքներ գրանցելու և առավել արդյունավետ աշխատելու տեսանկյունից: Ըստ էության՝ մենք ուզում ենք, որ Հայաստանում կինոարտադրության զարգացման պոտենցիալն ամբողջությամբ  իրացվի, քանի որ ունենք հսկայական ժառանգություն և մեծ ներուժ կինոարտադրության խթանման համար: Այստեղ մեր ամենակարևոր անելիքը աջակցությունն է ոլորտին, ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը»: 

Նախարարի խոսքով՝ քննարկվում են նաև ոլորտի հնարավորությունների էական բարելավման հարցերը. «Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի տեսլականում առանձին մաս է կազմում նաև «Հայֆիլմի» տարածքը, որը պլանավորվում է զարգացնել՝ որպես կինոարտադրության տարածք. «Կարևորում եմ հիմնադրամի ներգրավվածությունն այս քննարկումներում, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող ենք այդ տարածքում եղած ավանդույթները, հնարավորությունները և փորձառությունը զարգացնելով ու վերափոխելով՝ ստանալ ժամանակակից կինոարտադրության լավագույն պայմանները: Այստեղ, իհարկե, կունենանք շատ լավ հնարավորություն կինոկրթությունը կապել կինոարտադրության շրջափուլին՝ դրանով նաև ունենալով կինոկրթության որակի էական բարձրացում»: 

Ըստ աղբյուրի՝ այս բոլոր աշխատանքներում հիմնադրամի դերը նախարարը համարել է առանցքային՝ շեշտելով, որ դրա առաջնորդությունը և նախաձեռնողականությունը վճռորոշ են լինելու առաջընթացի գրանցման ճանապարհին: Ժաննա Անդրեասյանը հաջողություններ է մաղթել  հիմնադրամի նորանշանակ տնօրենին և ողջ անձնակազմին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հիմնադրամի նորանշանակ ղեկավար Դավիթ Բանուչյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ մեծ պատիվ է ստանձնել Հայաստանի կինոյի հիմնադրամի կառավարումը, որը հանդիսանում է իրավահաջորդը հարյուրամյա կինոժառանգություն և ավանդույթներ ունեցող պատմական «Հայֆիլմի»:

Նախարարը շնորհավորել է նաև ռեժիսոր Զառա Ջյանին և ողջ անձնակազմին այն կապակցությամբ, որ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում: 

Նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է՝ նախարարությունը շարունակելու է աջակցել ոլորտի առաջընթացին և զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերին:  

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն