Տնտեսություն

Wuling-ն արտադրում է անվարորդ ավտոմեքենաներ. հայ լրագրողներն ու բլոգերներն այցելեցին ընկերության Ցինդաոյի գրասենյակ

2 րոպեի ընթերցում

Wuling-ն արտադրում է անվարորդ ավտոմեքենաներ. հայ լրագրողներն ու բլոգերներն այցելեցին ընկերության Ցինդաոյի գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող չինական Wuling ընկերությունն սկսել է արտադրել առանց վարորդի կառավարվող ավտոմեքենաներ, որոնք, սակայն, Չինաստանում դեռևս չեն կարող երթևեկության մեջ կիրառվել։ 

Ընկերությունն անվարորդ առաջին ավտոմեքենաներն արտադրել է 2017 թվականին․ այդ ժամանակ դրանք նախատեսվում էին միայն ապրանքների տեղափոխման համար։ Այնուհետև սկսել են արտադրել նաև մարդատար անվարորդ ավտոմեքենաներ։  

Հայաստանում Չինաստանի դեսպանության հրավերով Չինաստան այցելած լրագրողների և բլոգերների խմբի հետ հանդիպմանն ընկերության ղեկավարները նշեցին, որ Չինաստանի օրենսդրությունն արգելում է անվարորդ ավտոմեքենաների օգտագործումը` ելնելով անվտանգության նկատառումներից։    

Ընկերության արտադրանքի նկատմամբ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում գնալով աճում է։  Ընդհանուր առմամբ Wuling-ն արտերկրում 1 միլիոնից ավելի ավտոմեքենա է վաճառել։ Միայն 2023 թվականին ընկերությունն արտերկրում վաճառել է 210 հազար ավտոմեքենա։  Wuling-ի ավտոմեքենաներն այս պահին վաճառվում են 40 երկրում․ ընկերությունը ծրագրում է ընդլայնել վաճառքի ծավալներն արտերկրում։ 

Wuling-ն այս պահին Հայաստանի հետ չի համագործակցում, սակայն մեզ հետ հանդիպմանը ընկերության ղեկավարները հույս հայտնեցին, որ առաջիկայում կկարողանան նաև Հայաստանի հետ համագործակցություն սկսել և իրենց արտադրած ավտոմեքենաները նաև մեր երկիր արտահանել։ 

Wuling-ն արտադրում է նաև էլեկտրամոբիլներ, որոնք ունեն ինքնուրույն կայանման ֆունկցիա։  Ընկերության՝ Չինաստանի Ցինդաո քաղաքում գտնվող գրասենյակի տարածքում հայ լրագրողներն ու բլոգերները հնարավորություն ունեցան փորձարկել  ինքնուրույն կայանման ֆունկցիա ունեցող էլեկտրամոբիլները։  

Wuling ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում