Իրավունք

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Նիդերլանդների Թագավորությունում (Հաագա) հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 1-ից: 

Կանոնադրության վավերացմամբ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պայքարելու համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող ծանրագույն հանցագործությունների անպատժելիության դեմ: Այսպիսով, ՀՀ-ն ճանաչել է ՄՔԴ իրավասությունը հետադարձ ուժով՝ հանձն առնելով համապատասխանեցնել ազգային օրենսդրությունը Հռոմի կանոնադրության սկզբունքներին: 

Գրիգոր Մինասյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության իրականացման համար ազգային իրավական դաշտի մոտարկման շարունակականությունը, միաժամանակ, պատրաստակամություն հայտնել զարգացնել համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացի արդյունավետ իրականացման համատեքստում: 

Եզրափակելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանը երախտագիտություն է հայտնել Միջազգային քրեական դատարանին՝ համագործակցությունն ամրապնդելու հնարավորության համար: 

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն շնորհավորել է Հայաստանին` ՄՔԴ անդամ դառնալու կապակցությամբ, պատրաստակամություն հայտնել Հռոմի ստատուտի հետվավերացման գործընթացում և համագործակցության այլ ուղղություններով Հայաստանին աջակցելու հարցում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում