ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը պայմանավորված է Գազայի հատվածում շարունակվող հակամարտությամբ, որը առաջացրել է լրջագույն հումանիտար և ռազմական մարտահրավերներ ամբողջ տարածաշրջանի համար։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ, վերլուծաբան Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը։
«Բավականին կարևոր քայլ էր Պաղեստին Պետությունը Հայաստանի կողմից ճանաչելու որոշումը և դա պայմանավորված է առաջին հերթին հենց այս պահին պաղեստինյան հակամարտության շրջանակներում արձանագրվող իրողություններով՝ Իսրայելի կողմից շարունակվող ռազմական գործողություններով Գազայի հատվածում, որոնց հետևանքով լրջագույն հումանիտար և ռազմական մարտահրավերներ են առաջացել ամբողջ տարածաշրջանի համար։ Այս հակամարտությունը, կարծես թե, նաև աշխարհագրության ընդլայնման հնարավորություններ է ուրվագծում՝ պայմանավորված Իսրայել-Լիբանան, Իսրայել-Սիրիա պատերազմի հավանականությամբ»,- ընդգծեց արաբագետը։
Ըստ Պետրոսյանի՝ Պաղեստին Պետության ճանաչման երկրորդ կարևոր հանգամանքը միջազգային իրավիճակի հետ է կապված։ Նրա խոսքով՝ բոլոր միջազգային դերակատարները օրակարգ են բերել և կրկին շեշտադրում են «երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար» բանաձևը։
«Վերջին շրջանում միջազգային տարբեր դերակատարներ ևս սկսել են ճանաչել Պաղեստին Պետությունը՝ Եվրոպական մի քանի երկրներ վերջին շրջանում ճանաչեցին, ՄԱԿ-ում բազմաթիվ բանաձևեր են շրջանառվում Պաղեստին Պետության ճանաչման անհրաժեշտության հետ կապված։ Այնպես որ և՛ միջազգային օրակարգում կա այս խնդիրը, և՛ այսօր տարածաշրջանային մակարդակով չափազանց կարևոր խնդիր է դարձել պաղեստինյան հիմնախնդրի գործընթացը, որովհետև այն ռազմական և անվտանգային առումով տարածաշրջանում իրավիճակը վատթարացնելու լրջագույն ներուժ ունի»,-նշեց արաբագետը։
Պետրոսյանը նաև կարևորեց Հայաստանի այս որոշումը ռազմավարական խնդիրների լուծման համատեքստում։
«Գիտենք, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետությունն աջակցել է Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքին։ Հայաստանի Հանրապետությունը մշտապես դեմ է հանդես եկել եղած խնդիրների ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականությանը, որը վարել է Ադրբեջանը և ներկայումս վարում է Իսրայելը։ Եվ այս իրողությունների համատեքստում կարևորում եմ Հայաստանի Հանրապետության որոշումը»,- ասաց արաբագետը։
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը ինչպես կազդի հայ-իսրայելական հարաբերությունների վրա, հաշվի առնելով նաև այն, որ Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն, Պետրոսյանը նշեց, որ, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա, սակայն այդ հարաբերությունները մինչև այդ որոշումն էլ չէին փայլում դրական հատկանիշներով։
«Բնականաբար, Իսրայելի վարքագիծը կանխատեսելի էր և տրամաբանական։ Իսրայելը նախկինում ևս նման մոտեցում է ցուցաբերել, երբ որևէ պետություն ճանաչել է Պաղեստին Պետությունը, Այսինքն՝ դեսպաններին կանչել է արտաքին գործերի նախարարություն, բողոքի նոտա է հղել։ Իսրայելի վարքագիծը ևս այս պարագայում ևս կանխատեսելի էր։ Ինչպիսի ազդեցություն կունենա Իսրայել-Հայաստան հարաբերությունների վրա այս որոշումը՝ բնականաբար, որևէ կասկած չկա, որ բացասական ազդեցություն է ունենալու, բայց այդ որոշման էլ Հայաստան-Իսրայել հարաբերությունները չեն փայլել իրենց դրական, որակական հատկանիշներով։
Բացի այդ, մինչև այժմ էլ Իսրայելը բազմիցս իրականացրել է քայլեր, հատկապես՝ Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների խորացմամբ, որը ռազմավարական և անվտանգային խնդիրների առաջացրել Հայաստանում»,- ընդգծեց Պետրոսյանը։
Արաբագետի կարծիքով՝ Հայաստանը պետք է բարձրաձայնի իր մտահոգությունները ոչ միայն Իսրայել-Հայաստան կամ Իսրայել-Ադրբեջան հարաբերություններում եղած մտահոգիչ իրողություններով, այլև հենց Իսրայելի տարածքում իսրայելահայ համայնքի նկատմամբ վարվող քաղաքականության հետ կապված։
Հարցին, թե ինչպե՞ս կընկալի ԱՄՆ-ն Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, արաբագետը պատասխանեց՝ չի կարծում, որ Հայաստանի որոշումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վրա։
«Վերջին շրջանում նկատում ենք լրջագույն խնդիրներ նաև ԱՄՆ-Իսրայել հարաբերություններում, որը պայմանավորված է Իսրայելում գործող կառավարության քաղաքականությամբ, որն իր ծայրահեղականությամբ ազդում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգության վրա, այլև խնդիրներ է առաջացնում անգամ տարբեր դաշնակցային հարաբերություններում։ Վերջին շրջանում անգամ ԱՄՆ-ն ակնարկել է Պաղեստին Պետության ստեղծման հավանականության մասին՝ օրակարգ բերելով «երկու պետություն՝ երկու ժողովրդի համար» բանաձևի հիման վրա խնդրի կարգավորումը։ Այնպես որ, վստահ եմ, որ Հայաստանի կայացրած որոշումը բավականաչափ կշռադատված է։ Այն կայացվել է տարածաշրջանային և միջազգային իրողություններով և գլոբալ անվտանգային մարտահրավերներով պայմանավորված»,- ասաց Պետրոսյանը։
Ըստ արաբագետի՝ հայ-պաղեստինյան հարաբերությունների հետագա զարգացումը կախված է, թե ինչպիսի լուծում կստանա պաղեստինյան հակամարտությունը։
«Բնականաբար, դրանից հետո արդեն հնարավոր կլինի քննարկել Պաղեստին-Հայաստան հարաբերությունների զարգացման հարցը։ Այս պահին Հայաստանում նման որոշումը հիմնականում պայմանավորված է ստեղծված տարածաշրջանային լարվածությունը, անվտանգային լրջագույն մարտահրավերները կանխելու և լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմ թույլ չտալու համար»,-եզրափակեց Պետրոսյանը։
Կարեն Խաչատրյան