Տնտեսություն

Բելգիացի գործարարները կմասնակցեն Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին

3 րոպեի ընթերցում

Բելգիացի գործարարները կմասնակցեն Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսն այս տարի կանցկացվի Երևանում` hոկտեմբերի 4-ից 7-ը, որին ներկա կլինեն 83 երկրից բաղկացած կոնսորցիումի անդամները։ Նախատեսվում է մոտ հարյուր ցուցահանդես և 10 հազարից ավելի մասնակից։

Այս խոշոր միջոցառմանը ներկա է լինելու նաև Բելգիա-Հայաստան Առևտրի պալատը՝ բելգիացի մի քանի բիզնես առաջնորդների հետ։ Միջոցառմանն ընդառաջ Բրյուսելում տեղի է ունեցել հանդիպում պալատի ներկայացուցիչների և գործարարների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում ՏՏ ոլորտի հնարավորությունները և միջազգային հայտնի կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Հանդիպմանը ներկա էին նաև Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը, ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Արման Իսրայելյանը, բելգիացի քաղաքական գործիչներ, գործարարներ։  Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանն իր բացման խոսքում ներկայացրեց Հայաստանում զարգացող ՏՏ ոլորտը, այս տարվա կոնգրեսի թեմատիկան և պալատի աշխատանքները։ Կարևորեց հոկտեմբերին կայանալիք կոնգրեսում բելգիացի ընկերությունների մասնակցությունը։ 

Դեսպան Բալայանը ներկայացրեց ոլորտի արդիական և պետական նախագծերը, ողջունեց Բելգիա-Հայաստան առևտրի պալատի շարունակական գործունեությունը։ 

«Մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, գիտական կառույցների միջև համագործակցություն հիմնելու առումով նման միջոցառումները նպաստում են իրար ճանաչելուն և միանշանակ վայելում են դեսպանության անմնացորդ աջակցությունը», - Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դեսպան Բալայանը։ 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկատիրությունների միության անդամ, Forumla VC-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց հայկական ստարտափները և Հայաստանում գործող միջազգային ճանաչում ստացած կազմակերպություններին։ 

Իր խոսքում նա կարևորեց կանանց մասնակցությունը ՏՀՏ ոլորտում, նշեց,  որ Հայաստանն աշխարհում առաջատարն է ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությամբ՝ մոտ 40%։  

Հանդիպումն ավարտվեց հյուրասիրությամբ, որի ընթացքում հյուրերը կարողացան ավելի մանրամասն ծանոթանալ առաջարկվող ծրագրին, ինչպես նաև տեղեկատվություն ստանալ հոկտեմբերին կազմակերպվող այցի մանրամասներին։ 

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում