Տնտեսություն

Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ ԵՄ կանաչ էներգիա արտահանելու համար

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ ԵՄ կանաչ էներգիա արտահանելու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան մտադիր են ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ Եվրոպայի շուկա կանաչ էներգիա արտահանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվի էներգետիկ համաժողովում։

«Մենք մշակում ենք Կասպից ծով-Սև ծով-Եվրոպա միջանցքի նախագիծը, որով կարտահանվի կանաչ էներգիա: Այդ ծրագրի շրջանակներում մենք յոթ նախարարական հանդիպում ենք անցկացրել գործընկեր երկրների՝ Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի հետ: Ստեղծում ենք համատեղ ձեռնարկություն, որի կենտրոնակայանը Բուխարեստում է», - Շահբազովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախարարը հավելել է, որ ծրագրի առաջին տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի մինչև 2024 թվականի վերջը։

«Ծրագրի շրջանակներում մտադիր ենք օգտագործել Կասպից ծովի ափամերձ գոտու ներուժը, որը գնահատվում է 157 ԳՎտ, եթե խոսում ենք հողմային էներգիայի մասին», - նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ դա թույլ կտա Եվրոպայի շուկա արտահանել 4 ԳՎտ կանաչ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ջրածին և ամոնիակ։

2022 թվականի դեկտեմբերի 17-ին Ադրբեջանը, Հունգարիան, Վրաստանը և Ռումինիան ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր, որը նախատեսում է էներգետիկ կամրջի կառուցում Կովկասյան տարածաշրջանից դեպի Եվրոպա։ Ձեռք բերված համաձայնության շրջանակներում ակնկալվում է Black Sea Energy ստորջրյա էլեկտրական մալուխի կառուցում՝ 1000 ՄՎտ հզորությամբ և 1195 կիլոմետր երկարությամբ։ Մալուխը նախատեսված կլինի Ադրբեջանում արտադրվող կանաչ էլեկտրաէներգիան Վրաստանի տարածքով և Սև ծովով Ռումինիա մատակարարելու համար՝ հետագայում Հունգարիա և Եվրոպայի մնացած հատված փոխադրելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում