Հասարակական

Էկոնոմիկայի և առողջապահության փոխնախարարներն անդրադարձել են աղետի գոտում իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքներին 

6 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի և առողջապահության փոխնախարարներն անդրադարձել են աղետի գոտում իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքներին 

ԱԼԱՎԵՐԴԻ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ու առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում անդրադարձան ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին և աղետի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խոջոյանն իր խոսքում նշեց, որ աղետի գոտում աշխատանքները բաժանվել են ըստ առաջնահերթությունների, և ներկա պահին շատ կարևոր է համարվում նաև համաճարակային իրավիճակի կառավարումն ու անցանկալի զարգացումների բացառումը:

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների աշխատակիցները միասին իրականացրել են անկած կենդանիների հայտնաբերման և թաղման միջոցով ոչնչացման աշխատանքներ: Գործընթացն իրականացվում է աղտահանման միջոցով, որպեսզի հնարավորինս բացառվի անասնահամաճարակային իրավիճակը»,- ասաց Խոջոյանը:

Նա հավելեց, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն վաճառքի կետերում՝ սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Քանի որ էկոնոմիկայի նախարարության համար այս պահին կարևորը նաև անասնագլխաքանակի ճշգրտումն է, հետևաբար անասնաբույժների ու վարչական ղեկավարների հավաքագրված նախնական տվյալների համաձայն՝ հունիսի 3-ի դրությամբ Լոռու մարզում գրանցվել է անկած 192 խոզ, 50 խոճկոր, 300 ճագար, 16 խոշոր եղջերավոր անասուն, 850 ընտանի թռչուն, վնասվել է 143 մեղվափեթակ:

«Այն քաղաքացիները, ովքեր բացահայտում կամ հայտնաբերում են անկած կենդանիներ, պետք է անպայման զանգահարեն 118 հեռախոսահամարով և հայտնեն հայտնաբերված կենդանիների տեղը, որպեսզի մեր մասնագետները կարողանան մոտենալ և թաղման եղանակով իրականացնել ոչնչացման աշխատանքներ»- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:

Նրա խոսքով՝ բոլոր վաճառակետերում, որտեղ իրականացվում է հսկողություն, անհրաժեշտ է, որպեսզի վաճառողներն ու սնունդ ձեռքբերողները նույնպես ցուցաբերեն զգոնություն: Խոջոյանի տեղեկացմամբ՝ միաժամանակ իրականացվում են նաև գույքագրման աշխատանքներ: Դա վերաբերում է ինչպես գործարարների, այնպես էլ այգիների ու պարտեզների սեփականատերերի ունեցվածքին:

«Գյուղատնտեսությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց աջակցության մեխանիզմներ ներկայացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի գույքագրում: Մեր աշխատակիցները տեղում են, կատարում են այցելություններ՝ փորձելով գտնել արդար մեխանիզմներ, որոնք կարտացոլեն և՛ կորուստները, և՛ հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի տնտեսվարողներին տրվի բիզնես գործունեությունը շարունակելու հնարավորություն: Այդ առումով ճշտվում են և՛ վարկային պորտֆելները, առկա ենթակառուցվածքների վիճակը, գրանցված գույքաքանակներն ու գումարային ծավալները: Ամբողջական փաթեթ ձևավորելու համար անհրաժեշտ է, որպեսզի տեղեկատվությունը լինի ամբողջական: Գույքագրման գործընթացին զուգահեռ մշակվում են նաև այն մեխանիզմները, որոնք առաջիկայում կներկայացնենք»- ասաց Խոջոյանը:

Առողջապահության փոխնախարար Լևոն Հակոբյանն իր հերթին նշեց, որ բնական աղետի առաջին օրվանից Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խմելու ջրի հետ կապված իրականացնում է մատակարարվող ցանցի միջոցով ջրերի ու բնական աղբյուրների մշտադիտարկում, և մինչև այս պահը շեղումներ չեն արձանագրվել:

«Մենք ազգաբնակչությանը կոչ ենք անում, որպեսզի ուշադրություն դարձնեն և առաջիկայում ջրի գույնի կամ հոտի փոփոխության դեպքում անհապաղ դիմեն պատկան մարմիններին կամ համայնքային իշխանություններին: Օպերատիվ շտաբի կողմից աշխատանքները կազմակերպվում են համակարգված, և այդ աշխատանքներում բնականաբար ընդգրկված են նաև Սննդի անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչները»,- ասաց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ աղետի գոտում սանիտարահիգիենիկ վիճակը կառավարելի է, բայցևայնպես կոչ արեց մարդկանց մշտապես լինել զգոն և ինքնուրույնաբար ոչ մի միջոց չձեռնարկել:

«Վերջին օրերին աղիքային թունավորումների դեպքեր չեն գրանցվել: Ալավերդու բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է երեք պացիենտ, սակայն նրանց վիճակը որևէ կապ չունի համաճարակային իրավիճակի հետ, հետևաբար անհանգստանալու առիթ չկա: Մեր բոլոր բժշկական կենտրոնները հագեցած են անհրաժեշտ բժշկական պարագաներով ու դեղորայքով, ուստի քաղաքացիները կարիքի դեպքում կարող են դիմել կամ Ալավերդու բժշկական կենտրոն, կամ գյուղական համայնքներում իրենց ԲՄԿ-ներ և ամբուլատորիաներ»,- ասաց առողջապահության փոխնախարարը:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում