«Օրրան»-ում ավանդական տոնակատարությամբ նշեցին հունիսի 1-ը. երեխաներին հյուրընկալվել էր Նազիկ Ավդալյանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրն ավանդական դարձած տոնական միջոցառմամբ նշեցին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում: Մանուկների ընտրությամբ՝ այս տարի տոնակատարության պատվավոր հյուրն էր կանանց ծանրամարտի աշխարհի առաջնության հայ առաջին չեմպիոնուհի, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող և արծաթե մեդալակիր Նազիկ Ավդալյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեխաները ողջույնի ուրախ խոսքերով դիմավորեցին մրցահարթակի թագուհուն և անմիջապես օրը խորհրդանշող փոքրիկ «սմայլիկ» փակցրեցին նրա այտին: Նազիկ Ավդալյանը դժվարությամբ էր թաքցնում հուզմունքը նման ջերմ ընդունելությունից: Դե, իսկ «Օրրան»-ի հիմնադիրներ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների անկեղծ շփումն արագորեն վերացրեց Նազիկի ակնթարթային շփոթվածությունը: Այնուհետև, չեմպիոնուհուն խնդրեցին մոտենալ հենց կազմակերպության բակում տեղադրված օջախին ու, հավատարիմ մնալով տարիների ընթացքում ձևավորված ավանդույթին՝ տապակել համբուրգերների մսային միջուկը: Այդ երեկո երեխաները և միջոցառման հյուրերը վայելեցին Նազիկ Ավդալյանի ձեռամբ փայտածուխի վրա պատրաստված անուշահամ ուտեստը:

Արմինե Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պատվավոր հյուրերի ներգրավմամբ երեխաների համար համբուրգերներ պատրաստելու ավանդույթը վաղուց է ձևավորվել «Օրրան»-ում: Դա, իհարկե, տոնն ամբողջացնող դրվագներից մեկն է միայն:

«Միշտ մեծ շուքով ենք նշել Երեխաների պաշտպանության միջազգային օրը: «Օրրան»-ն արդեն 25 տարեկան է. այդ ընթացքում հունիսի 1-ին միշտ տոնական մթնոլորտ է տիրել մեզ մոտ: Հրավիրել ենք տարբեր հյուրերի, այդ թվում՝ անվանի մարդկանց: Այս անգամ մեր գլխավոր հյուրն է Նազիկ Ավդալյանը, որին հրավիրել ենք հենց երեխաների ցանկությամբ: Ցանկանում ենք, որ երեխաները հնարավորինս շատ ունենան հիշարժան և ուրախ օրեր: Ուզում ենք, որ մեր հայրենիքն ապահով լինի նրանց համար: Երեխաները միշտ լինեն սիրված, հոգատարության պակաս չզգան և, իհարկե, դառնան մեր երկրի լավ քաղաքացիներ»,- նշեց Արմինե Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորեց Երեխաների պաշտպանության օրվա խորհուրդը:

«Սիրո օր է՝ մեր անցյալի ժառանգությանն ու ապագայի բարօրությանը, խաղաղությանն ու ազատությանը միտված տոն: Ցանկանում եմ, որպեսզի մեր երեխաները դառնան հայրենիքի լիարժեք քաղաքացիներ՝ լավ մարդիկ, ուժեղ հայեր: Ինչպես աշխարհի բոլոր երեխաները, հայ մանուկները նույնպես արժանի են հրապարակային գնահատանքի և սիրո արտահայտության»,- «Արմենպրես»-ին հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Շտապեցինք արդեն ծխի շղարշով պարուրված Նազիկ Ավդալյանի հետ զրույցի: «Բոլոր երեխաներին շնորհավորում եմ այս հրաշալի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ուրախ, վառ, գեղեցիկ, լուսավոր, հեքիաթներով և հրաշքներով լի մանկություն: Թող նրանք երբեք չունենան տխրելու առիթ, կարողանան լիարժեք, լիաթոք վայելել իրենց մանկությունը: Ու շատ կուզենայի, որ նման ջերմ պահերը հնարավորինս շատ լինեն նրանց կյանքում: Մանկությունը շատ կարևոր շրջան է յուրաքանչյուր մարդու կյանքում, անձի ձևավորման կարևոր փուլ է, որն օգնում է ձեռք բերել իրական, ճիշտ արժեքներ և հետագայում դառնալ կայացած քաղաքացի»,- ասաց Նազիկ Ավդալյանը:

Նա հայտնեց նաև, որ հնարավորինս հաճախ է մասնակցում նման միջոցառումների. «Սիրում եմ մասնակցել երեխաներին առնչվող միջոցառումների: Շատ կարևորում եմ դրանք և պատկերացրեք՝ սա նրանց հետ հանդիպման իմ ամենասիրած ձևաչափն է: Մեծ բավականություն եմ ստանում և շատ ուրախ եմ լինում, եթե որևէ կերպ կարողանում եմ օգտակար լինել երեխաներին»:

Նազիկ Ավդալյանը խոստովանեց, որ վերջին շրջանում որևէ կապ չունի սպորտի հետ, սակայն առիթի դեպքում փորձում է իր խորհուրդներով և այլ միջոցներով հնարավորինս օգտակար լինել հայ մարզիկներին և ապագայի հերթափոխին:

Արձագանքելով երեխաների հարցադրմանը՝ Նազիկ Ավդալյանը ներկայացրեց հաջողության իր բանաձևը:

«Շատ կարևոր է երազելն ու նպատակ ունենալը: Դա է իմ հաջողության գաղտնիքը: Ուզում եմ, որ դուք շատ երազեք և ձեր բոլոր երազանքներն անխտիր իրականանան: Համոզված եղեք, որ այդպես էլ կլինի: Պարզապես՝ միշտ երազեք: Երազեք շատ ու անդադար: Ձեզ անչափ շատ եմ սիրում ու ուրախ եմ օրս այսօր ձեզ հետ անցկացնելու համար»,- հայտարարեց աշխարհի չեմպիոնուհին:

Հեղինակ՝ Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն

Օգոստոսի 4-ից կմեկնարկի ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման երկրորդ՝ հիմնական փուլը

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցի վերաբերյալ

Իմ ամբողջ ներուժը կներդնեմ ինձ վստահված առաքելությունը բարեխղճորեն ու արժանապատվորեն իրականացնելու համար. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Առավել կառուցողական եմ լինելու. Ռուբեն Ռուբինյանի ամփոփիչ ելույթը

Մարոկկոյից Իսպանիա անցնել փորձող ավելի քան 1500 միգրանտ բուժօգնություն է ստացել իսպանական Սեուտայում

Պակիստանն ու Կատարը բանագնացներ կուղարկեն ԱՄՆ-Իրան բանակցությունների համար

ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցություններում նոր միջնորդ չկա. Էսմայիլ Բաղայի

Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է