Հասարակական

Ձգտում ենք րոպե առաջ մեր քաղաքացիների կյանքը հնարավորինս բերել բնականոն հուն. Լոռու մարզպետն անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին

5 րոպեի ընթերցում

Ձգտում ենք րոպե առաջ մեր քաղաքացիների կյանքը հնարավորինս բերել բնականոն հուն. Լոռու մարզպետն անդրադարձել է ընթացիկ աշխատանքներին

ԱԼԱՎԵՐԴԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդու համայնքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն անդրադարձավ օրեր առաջ տեղի ունեցած բնական աղետի՝ ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանը նշեց, որ վերոհիշյալ աշխատանքներն ընթանում են մեծ թափով և ծավալով:

«Ուշադրության կենտրոնում են միջպետական ճանապարհի վերականգնման, ինչպես նաև Ախթալայի կամրջի հետիոտնային անցման ու կամրջի վերակառուցման աշխատանքները: Մի հատվածն այժմ օգտագործելի է, մյուսը հետիոտների համար կառուցվելու է երկաթբետոնե մետաղական կոնստրուկցիաներով, որպեսզի Ախթալայի, Շամլուխի, Մեծ և Փոքր Այրումի, Քարկոփի, Ճոճկանի, Բենդիկի միջև կապը վերականգնվի հնարավորինս շուտ: Իսկ Ալավերդի քաղաքում շարունակվում են Թումանյան փողոցի, Սանահինի կայարանամերձ թաղամասի մաքրման աշխատանքները, բազմաբնակարան շենքերի բակերը մաքրվում են տիղմից ու ցեխակույտերից: Րոպե առաջ ձգտում ենք մեր քաղաքացիների կյանքը հնարավորինս բերել բնականոն հուն՝ հաշվի առնելով տեղի ունեցած աղետի հետևանքները»,- ասաց Լոռու մարզպետը:

Ղազարյանի տեղեկացմամբ՝ Սանահին թաղամասում կառուցվում է հետիոտնային կախովի կամուրջ, որպեսզի կապ հաստատվի այն բնակավայրերի հետ, որտեղից փրկարարների օգնությամբ իրականացվել է տարհանում, իսկ այնտեղ մնացած անձանց համար ճոպանների միջոցով պարբերաբար հասցվում է սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ: Քարկոփ համայնքում նույնպես ընթանում են մաքրման աշխատանքներ: Հարավկովկասյան երկաթուղու գործընկերների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի համապատասխան տեխնիկա մտցվի Քարկոփ, որպեսզի մաքրման աշխատանքներն իրականացվեն ավելի ինտենսիվ կերպով: Շատ բնակավայրերում վերականգնվել է էլեկտրականությունն ու գազամատակարարումը:

«Աղետից հետո առաջին իսկ օրվանից աշխատանքներն իրականացվում են մի շարք գերատեսչությունների, կառավարության կազմում ներգրավված կառույցների աջակցությամբ: Ամենօրյա ռեժիմով կազմակերպչական և խորհրդատվական անմիջական աջակցություն է ցուցաբերվում Երևանից: Մենք իրականացնում ենք նաև գույքագրման ու վնասի չափերը պարզելու գործընթաց մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով: Ճանապարհաշինարարական աշխատանքներում ներգրավված են մի շարք կազմակերպություններ՝ ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի վերահսկողությամբ, որպեսզի օր առաջ աղետից վնասված հատվածներում վերստին ապահովվի անվտանգ երթևեկությունը Բագրատաշենից մինչև Վանաձոր»,- ասաց մարզպետը:

Նա շնորհակալություն հայտնեց կամավորներին և ՀԿ-ներին՝ վերականգնման աշխատանքներին անմիջականորեն աջակցելու համար: Անդրադառնալով Ալավերդի քաղաքի վնասված հատվածներում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին՝ Ղազարյանն ընդգծեց, որ իրավիճակը վերահսկելի է և համաճարակի ու վարակների տարածման վտանգ չկա:

«Այդ խնդրի կապակցությամբ նշեմ, որ օպերատիվ շտաբի խորհրդակցության ժամանակ մասնագետների ներկայացմամբ այս պահին չունենք անհանգստացնող իրավիճակ, սակայն, հաշվի առնելով նաև մասնագիտական խորհրդատվությունը, որ մասնավորապես աղիքային վարակները կարող են ի հայտ գալ աղետից յոթ օր հետո, այդ ուղղությամբ պարտադիր իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ»,- ասաց Ղազարյանը:

Մարզպետը ոմանց կոչ արեց սոցցանցերում հանդես չգալ սննդի, հագուստի կամ որևէ այլ պարագաների պակասի գրառումներով, որովհետև կառավարությունն ամեն ինչով ապահովել է համայնքապետարաններին, որոնք րոպե առաջ ի զորու են անհրաժեշտ բոլոր պարագաները հասցնել կարիքավորներին:

Ղազարյանը հավաստիացրեց, որ աղետի հետևանքների վերացման գործում տեղի ուժերը բավարար են: Նա հավելեց, որ շարունակվում է վնասների գնահատման գործընթացը, պատկան մարմինները իրականացնում են ստուգումներ: Գույքագրման հանձնաժողովի ներկայացրած զեկույցից հետո նոր հնարավոր կլինի ներկայացնել ամբողջական տեղեկատվություն:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում