Տնտեսություն

Այդ գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ անկանխիկ առևտրից թոշակառուներին վերադարձի մասին

2 րոպեի ընթերցում

Այդ գումարներն ամենաշատը ծախսում են ծխախոտի, ապա բենզինի վրա. Փաշինյանը՝ անկանխիկ առևտրից թոշակառուներին վերադարձի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտադիր է զարգացնել թոշակառուների համար անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը, սակայն նախատեսում է նաև բովանդակային որոշակի փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:

«2023 թվականին թոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրից վերադարձվել է ավելի քան 5 մլրդ դրամ: Իսկ անկանխիկ գործարքների ընդհանուր ծավալը թոշակառուների կողմից կազմել է 60 մլրդ 104 մլն դրամ»,–ասաց Փաշինյանը:

Նա կարևորեց այս ծրագիրը, որն օգնում է ստվերը կրճատել:

Վարչապետը խոսեց նաև որոշակի մտահոգությունների մասին:

«Վերջերս ես տեղեկանք խնդրեցի, թե ի վերջո մեր սիրելի թոշակառուներն ինչի՞ վրա են ծախսում այս գումարները: Եվ զարմանքով արձանագրեցի, որ մեծ տարբերությամբ գումարները ծախսվում են առաջին տողով ծխախոտի, երկրորդ տողով՝ բենզինի վրա: Սա մեզ առնվազն մտածելու տեղիք պետք է տա, թե ինչն է պատճառը»,–ասաց վարչապետը:

Նա այն համոզմանն է, որ պետք է զարգացնեն անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի ծրագիրը: Թե ինչպես և երբ, կառավարությունում քննարկումներ կան:

«Բայց նաև բովանդակային որոշակի փոփոխություններ պետք է անենք, որ չստացվի, թե մեր սիրելի թոշակառուներին կամ նրանց թոռնիկներին մղում ենք ավելի շատ ծխելու: Մեր նպատակադրումն այն է, որ նրանք ոչ միայն ավելի քիչ ծխեն, այլ նաև ընդհանրապես չծխեն ու առողջ ապրելակերպով ապրեն»,–ասաց Փաշինյանը:

Հայաստանում թոշակառուներնու նպաստառուներըանկանխիկառևտրի դեպքում 10 տոկոսհետվճար են ստանում, սակայն ոչ ավելի, քան 5 հազար դրամը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում