Երևանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը սկսել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը և այս տարի կգնի շուրջ 36 000 տոննա խաղող` յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց վճարելով 140 ՀՀ դրամ։ Այս տարի գնվող խաղողի քանակն ավելի քան 20%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի կոնյակի գործարանից։
Կախված եղանակային պայմաններից, խաղողի հասունության տեխնիկական պարամետրերից՝ խաղողի գնման մեկնարկի ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ: Հետևելով իր քաղաքականությանը՝ Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գործընթացը կկազմակերպի բացարձակապես թափանցիկ և համաձայն կանոնակարգված ժամանակացույցի՝ խաղողագործների համար ստեղծելով մատակարարման հնարավորինս հարմարավետ պայմաններ:
Մատակարարված խաղողի դիմաց վճարումները կիրականացվեն խաղողն ընդունելուց հետո 3-4 աշխատանքային օրվա ընթացքում՝ գումարը ընկերության կողմից խաղողագործների համար հատուկ բացված բանկային հաշվին փոխանցման եղանակով: