Քաղաքականություն

Թբիլիսին հասկանում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քաղաքական կարևորությունը մեծ է. վրացագետ

7 րոպեի ընթերցում

Թբիլիսին հասկանում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քաղաքական կարևորությունը մեծ է. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսին հասկանում է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քաղաքական կարևորությունը մեծ է, այն նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Որևէ տնտեսական զարգացում չի կարող տեղի ունենալ կոնֆլիկտային շրջանում, ուստի վրացական կողմի դրական դիրքորոշումը բխում է այդ մտայնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» փորձագիտական համաժողովում հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:

«Հայաստանի և Վրաստանի միջև նոր որակի հարաբերություններ ունենալու ցանկությունն իրականում եղել է վերջին տասնամյակներին: Իրավիճակը փոխվեց 2012 թվականին, երբ հարևան երկրում իշխանության եկավ «Վրացական երազանք» կուսակցությունը: Բայցևայնպես, որոշ հարցերում վրացական կողմն այնքան էլ նախաձեռնողական չէր: 2018 թվականից հետո տեղի ունեցան որոշ գործընթացներ, և վրացական էլիտան ցանկություն հայտնեց ավելի սերտ հարաբերություններ ունենալ Հայաստանի քաղաքական նոր վերնախավի հետ, ուստի մեր երկրից գնացող մեսիջներն այնտեղ լսելի դարձան: 2020 թվականի պատերազմը լուրջ գործոն դարձավ, որից հետո մեր տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական բալանսի պայմաններում միլիտարիստական Ադրբեջանը կարող է սպառնալիք լինել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար»,- ասաց Մելիքյանը:

Նրա դիտարկմամբ՝ քանի որ նախորդ մի քանի տարիներին վրացական կողմը պոստպատերազմական իրողությունների պայմաններում հանձն էր առել խաղաղարար միջնորդական առաքելություն, ապա շատ կարևոր էր, որ ունենար հավասար հարաբերություններ երկու հարևանների հետ, ուստի կարիք կար ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքել նաև Հայաստանի հետ, ինչը տեղի ունեցավ այս տարվա հունվարին:

«Այսօր արդեն անցնում ենք հաջորդ փուլին, երբ անհրաժեշտ է համաձայնեցնել օրակարգը և հատկապես տնտեսական փոխգործակցությունը նոր ուղղություններով ու նախագծերով տարիների ընթացքում հասցնել ռազմավարական մակարդակին, ինչը պետք է լինի ակտիվ աշխատանքի ու ջանքերի արդյունք: Այս միջոցառումը Հայաստանի և Վրաստանի փորձագիտական շրջանակներին տալիս է անմիջականորեն շփվելու, փոխադարձ հետաքրքրություններն ու առաջնահերթությունները ճանաչելու, պետականաշինության գործում տեսլականները բալանսավորելու, երկխոսությունը շարունակելու հնարավորություն»,- ասաց վրացագետը:

Խոսելով ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ վրացագետն ընդգծեց, որ հայկական կողմը դրանով նախ մոդեռնիզացնում է իր ենթակառուցվածքներն ու ավելացնում կարողությունները, ինչը նաև հնարավորություն կտա հարևաններին օգտվել կապուղիների ու ենթակառուցվածքների կարողություններից:

«Վրացական կողմը, գուցե, կարող է կորցնել բեռնափոխադրումների որոշակի ծավալն իր տարածքով, ինչն իրականացվում է այսօր՝ հաշվի առնելով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական փակ սահմանները, սակայն մյուս կողմից նոր նախաձեռնությունների իրականացման շրջանակում, հաշվի առնելով Պարսից ծոցի, հնդկական և սևծովյան ուղիների լոգիստիկ առավելությունները, վրացական կողմը, մի տեղ կորցնելով, մեկ այլ տեղում կարող է շահել և ապահովել նոր ծավալի բեռնափոխադրումներ: Ցավոք, Թուրքիան և Ադրբեջանը կառուցողական չեն, բայց մենք ունենք երկու դաշնակից այլ հարևաններ, որոնց հետ կարող ենք իրականացնել Հյուսիս-հարավ ծրագիրը: Եթե ապագայում Թուրքիան և Ադրբեջանը փոխեն իրենց վարքագիծը, կարևորեն խաղաղությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ապա հիշյալ նախաձեռնությունը կգործի լիարժեքորեն, առավել ևս, որ այն շահավետ ու նպաստավոր է բոլոր կողմերի համար»,- պարզաբանեց վրացագետը:

Անդրադառնալով Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին՝ Մելիքյանն ընդգծեց, որ նոր որակը, որը հաղորդվել է երկկողմ հարաբերություններին, պետք է նպաստի այդ գործընթացին:

«Գործընթացի ավարտն ինքնին կարևոր է, քանի որ բոլոր պետությունները պետք է միջպետական պայմանագրով ունենան ֆիքսված սահմաններ: Այս տարիների ընթացքում ունենալով ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ՝ Վրաստանն, այնուամենայնիվ, այդ գործընթացը չավարտեց: Այսօր Վրաստանի հետ ունենալով նույն մակարդակի հարաբերություններ՝ նույնիսկ կարող ենք մեր գործընթացին նոր թափ հաղորդել ու վերսկսել այն՝ որոշ չափով օրինակ ցույց տալով Ադրբեջանին: Վրաստանի համար շատ կարևոր է, որ Թուրքիայից հետո ևս մեկ երկրի հետ միջպետական պայմանագրով ունենա ֆիքսված սահման: Այսօր խոսում ենք հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, հետևաբար պետք է անցնենք այս փուլը, վերանայենք օրակարգը՝ այն համապատասխանեցնելով հարաբերությունների ռազմավարական բնույթին: Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանի մեծ մասն արդեն հստակեցված է եղել նախորդ տասնամյակների ընթացքում: Մնացել է մոտ 40 տոկոսը: Կան որոշ խնդրահարույց հատվածներ, ուստի բարիդրացիական կապեր ունեցող երկրները պետք է փոխադարձ հարգանքի ու փոխզիջման սկզբունքի հիման վրա համատեղ ջանքերով լուծեն սահմանազատման ու սահմանագծման խնդիրը: Գուցե, պահանջվի տարիների աշխատանք, բայց կարևոր է, որ այն այսօր ակտիվանա և լինի նախատիպային նաև հայ-ադրբեջանական սահմանը հստակեցնելու համար: Այդ դեպքում Բաքուն հաշվի կառնի այդ իրողությունը, ինչը կարող է բարենպաստ գործոն լինել վրաց-ադրբեջանական սահմանի հստակեցման գործում, քանի որ այսօր մեր երկու հարևանների միջև կան տարածքային տարաձայնություններ՝ կապված, օրինակ, Դավիթ Գարեջայի հատվածի հետ»,- նշեց Մելիքյանը:

Նա հիշեցրեց՝ քանի որ Հայաստանն ու Վրաստանը քաղաքական որոշում ունեն անդրադառնալ վերոհիշյալ գործընթացին, միշտ կա այլընտրանքային մեթոդ՝ միջազգային արբիտրաժի մեխանիզմը, որին կարելի է դիմել, սակայն, նկատի առնելով հայ-վրացական հարաբերությունների բնույթը, Մելիքյանը կարծում է, որ խնդիրը հնարավոր է լուծել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների ակտիվ ջանքերով:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում