Դեբեդում միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են. ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դեբեդ գյուղում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Փամբակ խոշորացված համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, կառավարության և համայնքի այլ ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Դպրոցի կառուցումն իրագործվում է հիմնադրամի գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի շրջանակներում` հնարավորություն ընձեռելով հարյուրավոր երեխաների և երիտասարդների՝ ունենալու 21-րդ դարին համահունչ որակյալ կրթություն և ուսումնառության համար լավագույն պայմաններ:

Նշվում է, որ Դեբեդում միջնակարգ նոր դպրոցի կառուցման հանձնառությունը հիմնադրամը ստանձնել է հաշվի առնելով նախկինում գործող շենքի անբարեկարգ վիճակը: Նոր դպրոցը, որի կառուցման համար ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար, ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսավոր և գունեղ դասասենյակներով, մասնագիտացված լաբորատորիաներով և ինտերակտիվ ու ժամանակակից այլ սենյակներով, որոնք նախատեսված են ոչ միայն գիտելիքների յուրացումը դյուրին դարձնելու, այլև երեխաների ակտիվ ներգրավվածությունը խրախուսելու համար:

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը բացման խոսքում նշել է.

«ՔՈԱՖ-ը Լոռվա մարզում իրականացվող տարբեր ծրագրերի և շինարարական նախագծերին զուգահեռ այսօր մեկնարկեց Դեբեդի դպրոցի կառուցման աշխատանքները։ Մեր նպատակն է հնարավորինս աջակցել որակյալ կրթություն ստանալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։ Ուզում եմ հատուկ նշել, որ ինչպես մեր մնացած նախագծերն, այնպես էլ Դեբեդի դպրոցի կառուցումն ընթանում է անձնակազմի շարունակական վերապատրաստումներին զուգահեռ։ Մենք կառուցում ենք ոչ միայն դպրոցի շենք, այլև փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները և ուսուցիչները կկարողանա բացահայտել և իրացնել իրենց ամբողջ ներուժը, աշխատել և սովորել ստեղծագործականությունը խթանող միջավայրում, ձևավորել լայն մտահորիզոն»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կրթական համակարգում ներկայումս բավականին ծավալուն բարեփոխումերի ժամանակաշրջան է։

«Այս համատեքստում իրականացվող ամենակարևոր ծրագրերից մեկը Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ»-ն է և կարծում եմ՝ այս դպրոցի շինարարությունը գալիս է համալրելու նշված ծրագիրը։ Բնականաբար, սա իրականացնելու հնարավորություն չէր լինի, եթե «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն ակտիվորեն չաշխատեր բարերարների հետ։ Մեր մեծ շնորհակալությունը հիմնադրամին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ուզում ունենալ մեր երկրում, մասնավորապես դպրոցաշինության և կրթության ոլորտում փոփոխություններին ուղղված ծրագրերում»։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդգծել է Դեբեդ գյուղում նոր որակի ուսումնական հաստատություն հիմնելու կարևորությունը՝ նշելով.

«Իզուր չէ ասված, որ պետության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը լավագույն կրթության ապահովումն է, իսկ դրա համար կարևոր է նաև կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը։ Այս կապակցությամբ շնորհավորում եմ Լոռու մարզի, մասնավորապես Դեբեդի բնակիչներին ժամանակակից դպրոցի շինարարության մեկնարկի կապակցությամբ։ Կարճ ժամանակ հետո ՔՈԱՖ-ի շնորհիվ ունենալու ենք նորարարական և առաջադեմ կրթական մի կառույց, որը կօգնի յուրաքանչյուր աշակերտի ստեղծարար միջավայրում բացահայտել իր ներուժը, զարգացնել կարողությունները՝ ստանալով որակյալ կրթություն»։

Հայերեն English فارسی Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ