Տնտեսություն

Ամերիաբանկն ինտենսիվորեն շարունակում է գործարքների թվայնացումը,ինչն արդեն դրական արդյունքներ է տվել․Տնօրինության անդամ

4 րոպեի ընթերցում

Ամերիաբանկն ինտենսիվորեն շարունակում է գործարքների թվայնացումը,ինչն արդեն դրական արդյունքներ է տվել․Տնօրինության անդամ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկը թվային փոխակերպման օրակարգն ու գործընթացը սկսել է մոտ 7-8 տարի առաջ, իսկ ավելի ինտենսիվ՝ վերջին 3 տարիներին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանում մեկնարկած Doing Digital Forum 2024-ի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկի տնօրինության անդամ, Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ հավաստիացնելով, որ թվայնացման գործընթացն արդեն գործնական արդյունքներ է գրանցել։

«Գործարքների 98 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս է կատարվում։ Այսինքն` մասնաճյուղերում ընդամենը գործարքների 2 տոկոսն է իրականացվում։ Դրանից բացի՝ տարբեր պրոդուկտների, ծառայությունների վաճառքի կեսից ավելին արդեն թվային ուղիներով է իրականացվում և միայն կեսից ավելի փոքր մասն է, որ դեռ մասնաճյուղերը մասնակցում են, բայց դա բավականին արագ տեմպով փոխվում է։ Մենք ակնկալում ենք, որ մոտավորապես մինչև տարեվերջ վաճառքների 60 տոկոսն արդեն մասնաճյուղերից դուրս կլինի»,-մանրամասնեց Ամերիաբանկի ներկայացուցիչը։

Անդրադառնալով ավանդական բանկային ծառայություններին՝ նա տեղեկացրեց, որ բանկի մանրածախ վարկերի, փոքր և միջին բիզնեսներին ուղղված վարկերի 95 տոկոսի գործընթացն արդեն թվայնացված, հեռավար ձևաչափով է կատարվում։

Բանախոսի գնահատմամբ՝ Ամերիաբանկն, ըստ էության, արդեն թվային է։

«Այս փոխակերպումը ոչ թե ցանկալի օրակարգ է, այլ, ըստ էության, պարտադիր։ Դա, բնականաբար, հաջողության միակ չափանիշը չէ, բայց անհրաժեշտ չափանիշ է, առանց որի, դժվար, թե որևէ բիզնես կազմակերպություն այլևս կարողանա լուրջ արդյունքներ արձանագրել, որովհետև թվային տեխնոլոգիաների կարողությունները , հնարավորությունները չօգտագործելն ուղղակի անհնար է դարձնում այսօրվա արագ փոփոխվող և բազմագործոն աշխարհում հաջողության հասնելը»,-համոզմունք հայտնեց Բարսեղյանը։

Նրա հավաստմամբ՝ բանկի հաճախորդները թվային փոխակերպմանն արձագանքում են սպասածից շատ ավելի ակտիվ։

Ըստ բանախոսի՝ բազմաթիվ ծառայությունների և պրոդուկտների թվայնացման դեպքում սպասելի էր, որ ադապտացիայի համար ժամանակ կպահանջվի, ինչն իրականում շատ ավելի արագ է տեղի ունեցել։

«Մի քանի տարի առաջ խոսում էի, որ բոլոր ծառայությունները կթվայնացնենք, բացի բարդերից և օրինակ էի բերում, որ հիպոթեքային վարկերը, ամենայն հավանականությամբ, կմնան մասնաճյուղերում։ Այսօր մեր բանկի հիպոթեքային վարկերի 51 տոկոսը թվային է։ Մեր քաղաքացիները, հաճախորդները շատ արագ են արձագանքում և այդ գործընթացն, ըստ էության, ունի արագացման տեմպ․ քանի գնում էլ ավելի արագանում է»,-պարզաբանեց բանախոսը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ ամբողջական թվային փոխակերպումը բարդ կլինի, քանի որ գրեթե միշտ ի հայտ կգա ծառայություն կամ խնդիր, որոնք մարդու միջամտության անհրաժեշտություն կունենան։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում