ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի ԱԳՆ-ում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:
«Հարգելի Արարատ Միրզոյանը ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Հայաստանն ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ես կարծում եմ, որ սա փոխլրացնող հնարավորություն է մեր երկրների համար: Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի «Միջին միջանցքը» վերջապես իրացնի իր ներուժն ամբողջությամբ: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերում»,-ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը:
Ըստ նրա՝ երկու երկրների միջև առևտրային, տնտեսական, ձեռնարկատիրական, ներդրումային համագործակցությունն ակտիվացնելը կարող է զգալի իմպուլս հաղորդել Հայաստանի և Ղազախստանի զարգացմանը:
ԱԳ նախարարը նշեց նաև, որ Ղազախստանում կա հայկական սփյուռք, որը «ոսկե կամրջի» դեր է խաղում երկու երկրների միջև: