Մարզական ֆեդերացիաները մտահոգված են ֆինանսավորման նոր կարգի առնչությամբ. նախարարությունը ներկայացնում է պարզաբանում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ազգային մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական միջոցների տրամադրման ու հաշվարկման կարգում փոփոխությունը հարցեր է առաջացրել ֆեդերացիաների ներկայացուցիչների մոտ:

«Արմենպրես»-ը ներկայացնում է և ֆեդերացիաների մտահոգությունը, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պարզաբանումը խնդրին:

Ֆինանսավորման նոր կարգը սահմանում է, որ մեծահասակների հավաքականներն առավելագույնը չորս ուսումնամարզական հավաքներ պետք է անցկացնեն, որից մեկը՝ արտերկրում, և մասնակցեն առավելագույնը միջազգային 2 մրցաշարերի (այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի գավաթի խաղարկությունների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի և համաշխարհային ուսանողական ունիվերսիադայի): Կան մարզաձևեր, որոնց պարագայում, սակայն, միջազգային կարգին համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով թիմերն ուսումնամարզական հավաքներ են անցկացնում արտերկրում: Այդպիսի մարզաձև է, օրինակ, սպորտային մարմնամարզությունը, որի ֆեդերացիան ուսումնամարզական հավաքները կազմակերպում է բացառապես արտերկրում, տարեկան մի քանի անգամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մասնավորապես ասաց. «Մենք ի վիճակի չենք այստեղ` Հայաստանում, ուսումնամարզական հավաք անցկացնել, քանի որ չունենք պայմաններ: Շատ ուրախ կլինեինք, եթե պայմաններ լինեին և հավաքն անցկացնեինք այստեղ: Հուսով եմ` մի քանի տարի հետո կլինեն: Այն կետը, որտեղ ասվում է, որ 2 միջազգային մրցաշարեր պետք է անցկացնել մեծահասակների հավաքականների համար` անհասկանալի է: Քանի որ մարմնամարզիկները պետք է 4 փուլ անցնեն աշխարհի գավաթում, որպեսզի հավաքած միավորներով մենք կարողանանք մասնակցել աշխարհի առաջնությանը: Եթե երկուսին ենք գնում, չենք կարող մասնակցել աշխարհի առաջնությանը: Անձամբ ինձ ասել են, որ մենք` մարմնամարզիկներս, խնդիր չունենք: Պարզապես չենք ուզում օրենքի խախտում լինի: Ամեն մարզաձև իր յուրահատկությունն ունի. իմ խնդրանք այն է, որ պետք է դա հաշվի առնվի: Մարզիկներն աճում են ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի մասնակցությամբ»:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, անդրադառնալով փոփոխությանը, նկատեց. «Մեծ սպորտում մարզիկները չեն կարող միայն 4 ուսումնամարզական հավաք անցկացնել և/կամ 2 միջազգային մրցաշարի մասնակցել (աշխարհի և Եվրոպայի առաջնությունները չհաշված): Մարզիկները տարվա ընթացքում միջին վիճակագրությամբ 4-5 միջազգային մրցաշարի պետք է մասնակցեն: ԽՍՀՄ տարիներին մարզիկները 280-300 օր հավաքներ էին անցկացնում: Մարզիկներին պետք են այդ հավաքները: Դրանք պարտադիր են: Մարզիկը չի կարող երկու ամիսը մեկ մարզական հավաք անցկացնել: Բայց մեզ բազմիցս ասել են, որ ֆեդերացիան խնդիր չունի»:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց. «Մենք չենք կարող ՀՀ-ում երեք ուսումնամարզական հավաք անցկացնել, քանի որ համապատասխան պայմաններ չունենք: Կստացվի, որ մենք անընդմեջ հավաք կանցկացնենք միայն Երևանի հրաձգության մարզադպրոցում, քանի որ հրաձգությունը Հայաստանում կենտրոնացած է մեկ վայրում` հենց մարզադպրոցում: Ենթակառուցվածքների առումով մենք այլընտրանք չունենք: Մենք չունենք միջազգային կարգին համապատասխան երկրորդ հրաձգարանը: Մեր մարզաձևում էլ առկա է աշխարհի գավաթի մասնակցության միջոցով աշխարհի առաջնության համար համապատասխան միավորներ վաստակելու անհրաժեշտությունը»:

Ի պատասխան ֆեդերացիաների մտահոգությունների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարզաբանեց, որ ֆեդերացիաների ֆինանսավորման նոր կարգը սահմանելիս պետք է կետային տվյալներ ունենալ, որպեսզի հնարավորություն լինի հաշվարկ կատարել: «Երկու միջազգային մրցաշար, 4 ուսումնամարզական հավաք. սա սահմանափակում չէ: Սա ընդամենը ելակետային տվյալ է: Յուրաքանչյուր ֆեդերացիա իր բաժին ֆինանսներով, այն գումարով, որը տրամադրվում է կառավարության կողմից, կարող է անցկացնել անսահմանափակ քանակությամբ ուսումնամարզական հավաքներ և միջազգային մրցաշարեր: Չի սահմանափակվում դրանց քանակը: Ֆեդերացիան ինքը կամ գլխավոր մարզիչներն իրենք են որոշում, թե որտեղ են ուզում անցկացնել հավաքը, որտեղ են ուզում միջազգային մրցաշարի մասնակցել: Այդ որոշումները կայացնելուց հետո հայտ են ներկայացնում, ֆինանսավորվում են, գնում, մասնակցում են: Ոչ ոք իրենց չի սահմանափակում: Նույնիսկ խոսակցություններ եղան, որ կան ֆեդերացիաներ, որ իրենց հավաքները միայն արտասահմանում են անցկացնում: Այդպիսի ֆեդերացիա է սպորտային մարմնամարզությունը: Ցավոք, այս պահին մենք համապատասխան չափանիշների մարզադահլիճ չունենք, որտեղ մեր մարմնամարզիկները կարողանան մարզվել: Իհարկե, դա կլինի մոտ ապագայում, բայց այս պահին չունենք: Մենք ասել ենք, խնդիր չկա, գնացեք ձեր նախընտրած վայր, արեք ձեր ուսումնամարզական հավաքը և բերեք հաշվետվություն, փակեք: Ոչ ոք չի սահմանափակում ու քանակ չի դնում: Պարզապես ամեն ինչ սահմանված գումարի սահմաններում պետք է անել: Հրամանը պետք էր, որ ելակետային տվյալներ ունենանք: Իրենք են որոշում, որտեղ անել հավաք, որքան անել հավաք, ինչ մրցաշարի մասնակցեն և ինչպես մասնակցել: Որևէ սահմանափակում չկա»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ