Գնել Սանոսյանն արդյունավետ է գնահատում ճանապարհային ցանցի էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստիպված է եղել դադարեցնել ՀՀ ճանապարհները սպասարկող 3 ընկերության հետ պայմանագրերը, որոնք պատշաճ մակարդակով չեն կազմակերպել սպասարկման աշխատանքները։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ չնայած դա լրացուցիչ ռիսկ է, քանի որ հեշտ չի լինելու մրցութային կարգով նոր ընկերություններ գտնելը, այնուամենայնիվ՝ ստիպված են եղել գնալ այդպիսի լուծման։

«Հանրապետության ամբողջ տարածքը բաժանված է 38 հատվածների կամ շրջանների, մենք ունենք սպասարկող 34 ընկերություն։ Այս հանգամանքն արդեն իսկ խոսում է այն խնդրի մասին, որ այս ոլորտն այդքան էլ հետաքրքիր չէ ֆինանսական տեսանկյունից, ու հաճախ ընկերությունները հետաքրքրված չեն այս մրցույթներին մասնակցելու ու այդ սպասարկման ծառայությունը մատուցելու հարցում»,-մանրամասնեց նախարարը։

Նրա խոսքով՝ հանրապետական ու միջպետական ճանապարհների սպասարկման, վերահսկման համակարգի բարելավման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2021 թվականի դեկտեմբերից։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր տարի ուժի մեջ են մտնում որոշակի կարգավորումներ, որոնք վերաբերում են սեփական տեխնիկական պարկն ունենալուն, դրա թարմացմանը և այլն։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ դա բերել է նրան, որ 305 տեխնիկայի փոխարեն ներկայում ճանապարհների սպասարկումն իրականացնում է 420 տեխնիկա։

Բացի այդ՝ տեխնիկաները կահավորվել են GPS սարքավորումներով, ինչն, օրինակ՝ ճանապարհի մաքրված չլինելու հետ կապված վեճերի դեպքում հնարավորություն է ընձեռում համապատասխան գործիքակազմով տեսնել և հասկանալ, թե արդյոք տվյալ տեխնիկան աշխատել է այդ հատվածում։

Սանոսյանի տեղեկատվությամբ՝ ներդրվել է նաև Ճանապարհների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը ներառում է մոնիթորինգին վերաբերող բաժին։

Ճանապարհահատվածներին արձանագրված այն թերություններն ու խնդիրները, որոնք արձանագրվում են տեսուչների այցերի արդյունքում, ծրագրի շրջանակներում ուղարկվում են համապատասխան ընկերություններին, և ժամանակ է տրվում դրանք վերացնելու համար։

Ըստ նախարարի՝ արձանագրված թերությունները վերաբերում են, օրինակ, երթևեկելի մասում ձյան շերտի, փոսերի առկայության ու ճանապարհային նշանի հետ կապված խնդիրներին։

Սահմանված ժամկետում թերությունը շտկելուց հետո կազմակերպությունը դրա վերաբերյալ համապատասխան լուսանկար է տեղադրում համակարգում, իսկ տրված ժամկետի ընթացքում աշխատանքը չիրականացնելու դեպքում տույժ-տուգանք է կիրառվում։

«Սա բավականին լավ համակարգ է, ինչը բերեց նրան, որ մենք 2022 թվականին տուգանել կամ չենք վճարել մոտ 27-28 մլն դրամ, իսկ 2023-ին՝ 194 մլն դրամ»,- հայտնեց ՏԿԵ նախարարն՝ ավելացնելով, որ համակարգով հնարավոր է հետևել ընկերությունների տեխնիկայի տեղաշարժերին, իսկ այս կամ այն տարածաշրջանում տեղումների դեպքում՝ հետևել, թե համապատասխան ընկերության տեխնիկան որտեղ է գտնվում, աշխատո՞ւմ է ճանապարհներին, թե՝ ոչ։

Հայերեն Español Русский

Լիբանանը նոր բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ ընդդեմ Իսրայելի

ՊԵԿ-ը կատարելագործել է Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը

ԿԲ նախագահը հայտնել է, թե գնաճի ցուցանիշի վրա ինչ ազդեցություն կունենա Երևանում տրանսպորտի թանկացումը

Կիպրոսում Հայաստանի դեսպան է նշանակվել Իննա Թորգոմյանը

ԱՄՆ կոնգրեսում կայացած քննարկմանը բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը

Գազայի առողջապահության նախարարությունը  հրապարակել է Իսրայելի գնդակոծությունների զոհերի նոր թիվը

PIN և PUK կոդերը կորցնելու դեպքում նույնականացման քարտը վերաթողարկելու կարիք չկա. Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Համահայկական խաղերի լեռնադահուկի և սնոուբորդի մրցաշարերը կկայանան «Մայլեռ» լեռնադահուկային հանգստավայրում

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումն անհրաժեշտ է գների կայունության ապահովման համար. ԿԲ նախագահ

Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի՝ տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջն արդեն շահագործվում է