Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր 

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 29-ին հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան: Ընդգծվել է այդ նպատակով երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության:

Օգտվելով առիթից՝ նախարար Միրզոյանը ևս մեկ անգամ ՀՀ կողմից ցավակցություն է հայտնել տարեսկզբին Քերմանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին: Նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա։

Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԻԻՀ դրական դիրքորոշումը ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա հիմքում դրված առանցքային սկզբունքների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում