Համաշխարհային բանկը հրապարակել է 2023-ի նոյեմբերին Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում տնտեսական աճի տեմպը 2023 թ. նոյեմբերին աճել է` հասնելով 11.2 տոկոսի: Աննշան գնանկում է արձանագրվել 2023 թ. դեկտեմբերին, ինչը պայմանավորված էր սննդամթերքի գների անկմամբ: Արտահանման աճի տեմպը բացառիկ է եղել 2023 թ. նոյեմբերին՝ պայմանավորված էր ոսկու և զարդերի արտահանմամբ: Նույն ամսին գրանցվել է 44 միլիարդ ՀՀ դրամ բյուջեի պակասուրդ, իսկ հանրագումարային պակասուրդը մնացել է պլանավորվածից ցածր մակարդակում: Ֆինանսական հատվածի ցուցանիշները մնացել են կայուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տբվյալները ներկայացված է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։

Ըստ աղբյուրի՝ 2023 թ. նոյեմբերին տնտեսական ակտիվության տեմպն արագացել է` հասնելով 11.2 տոկոսի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ - ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` 2023 թ. հոկտեմբերի 6.2 տոկոսի համեմատ (Գծապատկեր 1):

«Արդյունաբերության աճի տեմպն ավելացել է՝ հոկտեմբերի 0.6 տոկոսից նոյեմբերին հասնելով 24 տոկոսի, ինչը պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ծավալների 33 տոկոս իրական աճով: Սա իր հերթին պայմանավորված էր նոյեմբերին թանկարժեք զարդերի թողարկման գրեթե 13.7 անգամ մեծ ծավալներով (ՆՏՆԺՀ)` արժեքով գերազանցելով սննդամթերքի արտադրության ծավալները, որը մշակվող արդյունաբերության ավանդաբար ամենամեծ խումբն է: Նոյեմբերին թեթև արդյունաբերության աճի բարձր տեմպը մասամբ չեզոքացվեց հանքարդյունաբերության ոլորտի արտադրության խնդիրներով, որի վրա բացասական անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Սոթքի հանքի շահագործման ժամանակավոր դադարեցումը: Առևտրաշրջանառության ծավալները ևս ավելացան` հոկտեմբերի 26 տոկոսից (NՏՆԺՀ) նոյեմբերին հասնելով 32 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչին նպաստել են ՀՀ կառավարության կողմից դրամական միջոցների փոխանցումը Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) տեղահանված անձանց: Շինարարության ոլորտի աճը դանդաղեց, թեև նոյեմբերին պահպանվել է երկնիշ մակարդակում` 11.4 տոկոս (ՆՏՆԺՀ): Ծառայությունների ոլորտի 2.4 տոկոս աճն (ՆՏՆԺՀ) (չհաշված առևտուրը) ամենացածրն էր. դա պայմանավորված է նոյեմբերին բազայի 31 տոկոս բարձր աճով: Տնտեսական ակտիվության ինդեքսի աճի տեմպը 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին պահպանվել 9.4 տոկոսի մակարդակում (ՆՏՆԺՀ) և շարունակել է գերազանցել ակնկալիքները:

Գործազրկության մակարդակն աննշան աճել է 2023 թ. 3-րդ եռամսյակում (ՆՏՆԺՀ), իսկ աշխատուժի կազմում մասնակցությունը ևս ավելացել է: 2023 թ. 3-րդ եռամսյակում գործազրկությունը կազմել է 12 տոկոս` բարձրանալով 2022 թ. 3-րդ եռամսյակի 11.6 տոկոսի համեմատ, ինչը պայմանավորված է աշխատուժի կազմի 2 տոկոս ավելացմամբ (զբաղվածների և գործազուրկների զուտ ցուցանիշ): Աշխատուժի կազմում մասնակցությունը 2023 թ. 3-րդ եռամսյակում կազմել է 61.7 տոկոս` 2022 թ. 3-րդ եռամսյակի 60.9 տոկոսի համեմատ»,- նշված է ամփոփագրում:

Ըստ դրա՝ զուտ դրամական փոխանցումները 2023 թ. նոյեմբերին նվազել են` 2022 թ. նոյեմբերի համեմատ` 82, իսկ 2023 թ. հոկտեմբերի համեմատ` 68 տոկոսով: Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 21 տոկոս (ՆՏՆԺՀ), իսկ արտահոսքերն ավելացել 26 տոկոս (ՆՏՆԺՀ): Ներհոսքերի կրճատումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից հոսքերի 29 տոկոս նվազմամբ (Գծապատկեր 2): Արտահոսքերի հիմնական ուղղություններ են Մոնակոն և ԱՄՆ-ն:

«2023 թ. դեկտեմբերին (ՆՏՆԺՀ) գրանցվել է գների 0.6 տոկոս անկում: Դա միջին գնաճը իջեցրեց 2 տոկոսի 2023 թվականին, ինչը կտրուկ անկում է 2022 թ. 8.6 տոկոսից: Դրան արձագանքելով` 2023 թ. դեկտեմբերի 12-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրեց 25 բազիսային կետով` իջեցնելով մինչև 9.25 տոկոս: Դեկտեմբերին գնանկման հիմնական գործոնը սննդամթերքի գների 5 տոկոս նվազումն էր (ՆՏՆԺՀ): Այդուհանդերձ, մյուս ապրանքային խմբերում գները բարձրացան, և ամենից շատ բարձրացան ալկոհոլի և ծխախոտի գները` մինչև 8.4 տոկոս (ՆՏՆԺՀ)` արտացոլելով այս ապրանքատեսակների ակցիզային հարկի բարձրացումը (Գծապատկեր 3):

Արտահանման ծավալների աճը բացառիկ բարձր էր` պայմանավորված ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալների նշանակալի աճով: 2023 թ. նոյեմբերին ապրանքների արտահանման ծավալներն հասան 86 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղների արտահանման ծավալների յոթնապատիկ ավելացմամբ: Դա ընդհանուր արտահանման կազմում այս խմբի մասնաբաժինը մեծացրեց` 2022 թ. նոյեմբերի 18 տոկոսից մինչև 66 տոկոս` 2023 թ. նոյեմբերին: Այս խմբում չմշակված կամ կիսապատրաստի ոսկու արտահանումն աճել է 12 անգամ (ՆՏՆԺՀ), իսկ թանկարժեք զարդերինն ու մասերինը` 17 անգամ (ՆՏՆԺՀ): Տեքստիլի և կոշկեղենի ծավալը ևս աճեց, համապատասխանաբար, 36 և 29 տոկոսով, մինչդեռ մյուս ապրանքային խմբերում արտահանման ծավալները հիմնականում կրճատվել են: Ապրանքների ներմուծման ծավալներն աճեցին 25 տոկոսով (ՆՏՆԺՀ)` նաև պայմանավորված կիսապատրաստի ոսկու ներմուծմամբ: Հանրագումարում` 2023 թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում արտահանման ու ներմուծման ծավալներն ավելացել են, համապատասխանաբար, 45 և 41 տոկոսով»,- նշում են ՀԲ փորձագետները:

Նրանց դիտարկմամբ՝ ՀՀ դրամը շարունակել է աստիճանական արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկատմամբ: 2024 թ. հունվարի 9-ի դրությամբ, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կազմել է 405.6 ՀՀ դրամ կամ 0.6 տոկոսով ավելի թույլ է եղել 2023 թ. դեկտեմբերի համեմատ, և 2.7 տոկոսով թույլ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ (Գծապատկեր 4):

2023 թ. տարեվերջին միջազգային պահուստները կազմել են 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը հավասար է 3 ամսվա ներմուծման ծածկույթի և 510 միլիոն ԱՄՆ դոլարով քիչ է 2022 թ. տարեվերջի պահուստների համեմատ (Գծապատկեր 5): Սա մասամբ պայմանավորված է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով եվրոբոնդերից 188 միլիոն ԱՄՆ դոլարի ետ գնմամբ, որի վերջնաժամկետը 2025 թ. մարտին, ինչպես նաև ծրագրային վարկերի որոշակի ուշացումներով:

Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թ. նոյեմբերին գրանցվել է բյուջեի 44 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ: Սա նոյեմբերին հանգեցրել է բյուջեի հանրագումարային պակասուրդի 63 միլիարդ ՀՀ դրամի կամ տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.7 տոկոսի չափով: Հարկային մուտքերի աճը նոյեմբերին եղել է համեստ` 5 տոկոս (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է եկամտային և ակցիզային հարկերի ավելացմամբ (համապատասխանաբար, մինչև 15 և 16 տոկոս), իսկ ԱԱՀ և շահութահարկի հավաքագրման մակարդակն ընկել է, համապատասխանաբար, 5.5 և 22 տոկոսով: Ծախսերը կրճատվել են 11 տոկոսով, ինչը պայմանավորվել է ընթացիկ հաստատագրված ծախսերով և 29 տոկոսով ցածր կապիտալ ծախսերով` կապված պաշտպանության ոլորտում կրճատված հատկացումների հետ: Այդուհանդերձ, սոցիալական տրանսֆերտները և սուբսիդիաներն ավելացել են, համապատասխանաբար, 4 տոկոսով (ՆՏՆԺՀ) և 5 տոկոսով (ՆՏՆԺՀ)` արտացոլելով ԼՂ-ից տեղահանված մարդկանց հատկացված դրամական փոխանցումներն ու այլ աջակցությունը:

ՀԲ փորձագետների գնահատմամբ՝ 2023 թ. նոյեմբերին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է աճել և ֆինանսական կայունության ցուցանիշները մնացել են կայուն: Վարկերն ու ավանդները ավելացել են, համապատասխանաբար, 2.3 և 1.5 տոկոսով (ՆԱՀ): Կապիտալի համարժեքությունը մնացել է անփոփոխ` 20.1 տոկոս, իսկ ընդհանուր վարկավորման կազմում չաշխատող վարկերի գործակիցը պահպանվել է 3 տոկոսից ցածր մակարդակում: Ակտիվների շահութաբերությունը, որը բանկային համակարգի եկամտաբերության ցուցիչ է, կազմում է 3.3 տոկոս:

Հայերեն العربية English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում