Հասարակական

Հայաստանի Հարկադիր ծառայությունն ամբողջությամբ թվայնացվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հարկադիր ծառայությունն ամբողջությամբ թվայնացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հարկադիր ծառայություն ամբողջությամբ թվայնացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Մեկ տարվա ծանր աշխատանքի արդյունքում ունենք ամբողջությամբ թվայնացված Հարկադիր ծառայություն: Եվ այսպես.

1. Մեր նոր հարթակի միջոցով միանգամից կարելի է վճարել բոլոր պարտավորությունները, ավելին՝ քաղաքացին կարող է վճարել նաև այլ անձանց պարտավորությունները:

2. Նախկինում քաղաքացու բոլոր հաշիվները կարող էին սառեցվել՝ մեկ վարույթի շրջանակում, այժմ՝ գումարի սառեցումն իրականացվում է միայն և բացառապես պարտքի չափով:

3. Բանկերի միջոցով վճարում կատարելուց հետո վճարման կտրոնը Հարկադիր ներկայացնելու կարիք այլևս չկա: Այսուհետ վճարումը կատարելուց հետո վարույթը կարճվելու է ամենաշատը 5 րոպեի ընթացքում, իսկ հաշիվների ապաարգելադրումը կիրականացվի մեկ օրում՝ նախկին տաս օրվա փոխարեն:

4.Ապահովվել է Հարկադիր կատարման ծառայության և բոլոր մյուս պետական մարմինների ու անհրաժեշտ մասնավոր կազմակերպությունների ծրագրերի 100% համակցումը:

5.Մեկ հպումով՝ բջջային հեռախոսի կամ համակարգչի միջոցով քաղաքացին կարող է ստանալ իրեն վերաբերող բոլոր վարույթների մասին տեղեկատվությունը:

6. Վճարումները կարող են կատարվել ինչպես վճարային քարտի միջոցով, այնպես էլ՝ մոբայլ բանկինգ հավելվածներով:

7. Ծառայության բոլոր աշխատակիցներն այսուհետ իրենց գործառույթները իրականացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով:

8. Նոր համակարգի շնորհիվ պետական մյուս կառույցների հետ աշխատանքը դարձել է թվային. այլևս ոչ մի տեղեկանք ստանալու և ներկայացնելու կարիք չկա»,- գրել է նախարարը:

Գրառման մեջ նաև շեշտվում է, որ կատարած աշխատանքները հնարավորություն կտան ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց, որի արդյունքում՝ քաղաքացին կխուսափի երկար վարչարարությունից: Քաղաքացիների սպասարկումը կլինի ավելի արագ և արդյունավետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում