Բարձր տեխնոլոգիաներից մինչև հայկական խմիչքներ. ՀՀ-ն բարձրակարգ տաղավարով կմասնակցի «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա»-ին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին կմասնակցի բարձրակարգ տաղավարով՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաներ, հայկական սնունդ, խմիչք, երկրի զբոսաշրջային գրավչությունն ու ժամանակակից կրթական հաստատությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում անցկացված ասուլիսում նշեց՝ նախատեսվում է, որ Ճապոնիայում անցկացվելիք այս էքսպոն 6 ամսվա ընթացքում՝ 2025 թվականի ապրիլից 13-ից մինչև հոկտեմբերի 13-ը կունենա մոտ 28 մլն այցելու:

«Հետևաբար՝ Հայաստանի կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը որոշում են կայացրել այս ցուցահանդեսին միանալ բարձրակարգ տաղավարով՝ «Ա» դասի տաղավարով, որն ընդգծում է նաև մեր երկրի վերաբերմունքը Ճապոնիայի, ճապոնական շուկայի նկատմամբ»,-ասաց Քերոբյանը:

Սա ևս մեկ ներդրում է Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների կարգավորման հարցում:

Ցուցահանդեսի հայկական տաղավարի նախագծի ղեկավար Կազույա Մուռոտան մեծ պատիվ համարեց մասնակցելու այնպիսի մի ծրագրի, որը կարող է հանդիսանալ երկու երկրների բարեկամության խթանման գործիք: «Մինչև այս ես առիթ եմ ունեցել ներկայացնել Ճապոնիան արտասահմանում, իսկ այս անգամ հնարավորություն ունեմ ներկայացնել Հայաստանը Ճապոնիայում: Ես հուզվում եմ: Մեր նպատակն ու ցանկությունն է, որ այս էքսպոյի շնորհիվ մեր երկու ժողովուրդներն առիթ ունենան իրար ավելի լավ ճանաչելու, կապը լինի շարունակական»,-ասաց Մուռոտան:

Տաղավարի կառուցման աշխատանքները ստանձնած կազմակերպության ներկայացուցիչը ևս Հայաստանում էր, նա ներկայացրեց այն տեխնոլոգիան, որով կառուցելու են հայկական տաղավարը: Ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց՝ ջանք չեն խնայի, որ Հայաստանի համար ստեղծեն մի տաղավար, որը կմնա մարդկանց սրտերում:

Նախարարն ընդգծեց, որ հայկական տաղավարը գտնվում է էքսպոյի տարածքում շատ լավ տեղում՝ թեմատիկ տաղավարների կողքին:

Նախարարությունը հրավիրում է ճապոնական շուկայով հետաքրքրված բոլոր ընկերություններին կապվել իրենց հետ, պատրաստ են համագործակցել բոլոր ընկերությունների հետ՝ Հայաստանն առավելագույնս լավ ներկայացնելու ճապոնական շուկայում:

«Բովանդակային առումով մենք ունենք գլխավոր 4 ուղղություններ: Առաջինը ժամանակակից կրթությունն է. մենք փորձելու ենք ներկայացնել «Թումո»-ն, «Արմաթ»-ը, COAF-ի տեխնոլոգիաները, այլ կրթական ծրագրեր, որոնք հետաքրքիր են նաև ճապոնական հասարակությանը: Մյուս ուղղությունը բարձր տեխնոլոգիաներ են, որը ներառում է թե բարձր տեխնոլոգիական, գիտահետազոտական աշխատանքների իրականացումը Հայաստանում, թե բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը: Երրորդ ուղղությունը զբոսաշրջությունն է, փորձելու ենք Հայաստանը լավագույնս ներկայացնել՝ իր բոլոր գրավչության վայրերով: Այդ ուղղության շուրջ ևս մեծ բովանդակություն ենք պատրաստելու: Չորրորդ ուղղությունը սնունդն ու գինին են, վստահ եմ՝ այս առումով ևս ճապոնացիներին ցուցադրելու շատ բան ունենք»,-ասաց Քերոբյանը:

Հայկական տաղավարը հարստացնելու են նորագույն տեխնոլոգիաներով, այդ թվում՝ արհեստական բանականությամբ, թվային տեխնոլոգիաներով, գուցե՝ ռոբոտներով:

«Ճապոնական շուկան մեզ համար շատ հետաքրքիր է այն առումով, որ Ճապոնիան աշխարհի 3-րդ կամ 4-րդ տնտեսությունն է մեծությամբ՝ 3.5-4 տրլն դոլար ՀՆԱ-ով: Եվ բնականաբար ցանկացած խոշոր տնտեսություն մեզ համար հետաքրքիր է՝ որպես ապրանքների արտահանման, ներմուծման, տեխնոլոգիաների փոխանակման և բազմաթիվ այլ ուղղություններով»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները զարգացնելու շատ մեծ պոտենցիալ կա: Հիմա այդ հարաբերությունների մակարդակը, փոխադարձ առևտուրը դեռևս շատ հեռու են պոտենցիալից:

Մինչև էքսպոյի մեկնարկը հայկական կողմը՝ բիզնես պատվիրակություններով, մի քանի անգամ այցելելու է Ճապոնիա, որ էքսպոյի ժամանակ ընկերությունները հաստատված կապեր ունենան ճապոնական ընկերությունների հետ:

Հայերեն Español Français Русский

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել